news.am: Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։ Նրա օգնական Իլյա Պ-ն նույնպես մահացել է երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, գրում է «Baza Telegram» ալիքը։
Երկու ռուս զինվորականները Ռյազանսկի պողոտայում գտնվող տան մուտքից դուրս էին գալիս առավոտյան մոտ ժամը վեցին, երբ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել։ Ըստ լրատվամիջոցների՝ ռումբը կա՛մ ամրացված է եղել, կա՛մ ներկառուցված է եղել սկուտերի մեջ: Պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է մոտ 200 գրամ տրոտիլ, հայտնել են արտակարգ ծառայությունները։
Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կոտրվել են առաջինից երրորդ հարկերի ապակիները, վնասվել է մուտքի դուռը։ Բազայի տվյալներով՝ վնասվել է գեներալի ծառայողական մեքենան։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Գործը վերահսկողության տակ է վերցրել Մոսկվայի դատախազությունը։
comment.count (0)