armenpress.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարել է Վրաստանի հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրենքում ուղղումները որոշելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես ողջունում եմ (Վրաստանի) կառավարության հավաստիացումներն, այսպես կոչված, արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքում ուղղումներ մտցնելու վերաբերյալ: Այժմ մենք աշխատանքային խումբ կստեղծենք Վրաստանի ու Եվրոպայի խորհրդի, Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ՝ որոշելու այն փոփոխությունները, որոնք կարվեն այս օրենքում», - ասել է նա Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:
«Ես հույս եմ հայտնում, որ նմանատիպ գործընթացներ կարող են իրականացվել նաև այլ ուղղություններում», - հավելել է Բերսեն։
Վրաստանի իշխանություններն ավելի վաղ ընդունել են երկու օրենք՝ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին», որը նաև հայտնի է որպես ԼԳԲՏ քարոզչությունն արգելելու մասին օրենք և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», որը հայտնի է նաև որպես օտարերկրյա գործակալների մասին օրենք։ Դրանք բազմահազարանոց բողոքի ցույցերի առիթ են դարձել երկրում։
Եվրամիությունը քննադատել է այդ օրենքները և Թբիլիսիից պահանջել չեղարկել դրանք՝ սպառնալով կասեցնել ԵՄ-ին անդամակցության գործընթացը, դադարեցնել ֆինանսական աջակցությունը և նույնիսկ կասեցնել անայցագիր ռեժիմի ազատականացումը Վրաստանի քաղաքացիների համար։
Եվրախորհրդարանի անդամները, դժգոհ լինելով Թբիլիսիի քաղաքականությունից, հոկտեմբերի սկզբին «Վրաստանում ժողովրդավարությունից նահանջելու և քաղաքական բազմակարծության սպառնալիքների մասին» բանաձևում կոչ արեցին ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների նկատմամբ, ինչպես նաև սառեցնել այս երկրի ֆինանսավորումը Եվրամիության կողմից։
comment.count (0)