Ավինյանը հիշեցնում է՝ հունվարի 1-ից հանրային տրանսպորտում կանխիկ վճարման հնարավորություն չի լինելու |armenpress.am|
11:30 - 23 դեկտեմբերի, 2024

Ավինյանը հիշեցնում է՝ հունվարի 1-ից հանրային տրանսպորտում կանխիկ վճարման հնարավորություն չի լինելու |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներն ուղեվարձը վճարելու են բացառապես անկանխիկ եղանակով։

Երևանի քաղաքապետն այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 

«Հունվարի 1-ից մենք անցնում ենք բացառապես անկանխիկ եղանակով վճարումներին։ Այսինքն, այլևս կանխիկ վճարելու հնարավորություն հանրային տրանսպորտում չի լինելու։ Այնուամենայնիվ, մեկանգամյա տոմսի համար նաև գործելու է գործող սակագինը, որպեսզի այս ադապտացիոն շրջանն անցնենք։ Գործելու են նաև նոր տոմսային գործիքները, որոնցից կարող են օգտվել այն անձինք, որոնք արդեն իսկ պատրաստ են մուտք գործել համակարգ»,- հայտնեց Ավիինյանը:

Նա նշեց, որ հունվարի ընթացքում պետք է ապահովեն այս տրանսֆորմացիան՝ հին մոդելից դեպի նոր մոդել։

«Սա առաջին թեման էր, որի մասին ես ուզում էի խոսել։ Կարծում եմ, որ սա մեր ամենակարևոր ռեֆորմներից մեկն է»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ առաջիկայում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025թ. փետրվարի 1-ը հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվի մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։

Մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն: Մինչև 2025թ. փետրվարի 1-ը տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ ուղետոմսի 50 դրամ արժեքը և մետրոյից օգտվելու ժամանակ ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակեն գործել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել