1lurer.am: Նոր աղբավայր կառուցելու ուղղությամբ միջազգային գործընկերների հետ ուսումնասիրություն և վերլուծական աշխատանքներ են արվել, արդյունքները ստացվել են, ապա որոշում է կայացվել, որ այդ աշխատանքները պետք է շարունակվեն մասնավորի ներգրավման ուղղությամբ: Այժմ ձևավորվել է աշխատանքային խումբ, և այս կետից սկսած՝ հարցի քննարկումն առաջարկվեց տեղափոխել բնապահպանական վարչության տիրույթ: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց այն, թե ինչ աշխատանք է կատարվել այս մասով հատկապես վերջին 7 տարիներին: Ըստ քաղաքապետի՝ աշխատանքները մեռյալ կետից 1 միլիմետր առաջ չեն գնացել:
«10 տարի այս աղբավայրի թեման ծամծմվել է, մի գերատեսչությունից մյուսն է գնացել, եկել, պտտվել, և 10 տարի հետո՝ 2024 թվականին, կանգնել ենք նույն տեղում»,- ասաց Ավինյանը և հիշեցրեց, որ առաջարկ է եղել ծրագիրը փակելու, հակառակ դեպքում ևս 5 տարի այն կարող էր շրջանառվել:
Քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել ֆինանսական միջոցներ, որպեսզի նույն պրոցեսը տեղի չունենա։ Տիգրան Ավինյանը նաև առաջարկեց առաջին փուլով երկփուլ մրցույթի փաթեթ ստանալ:
«Լավագույն առաջարկն է, ամենաօպտիմալ առաջարկը, որը կկոնսերվացնի Նուբարաշենի աղբավայրը և կկազմակերպի համեմատաբար ամենաարդյունավետ նոր վերամշակման գործարանի ծրագիր»,- ասաց նա։
comment.count (0)