«Ավտոբուսի գործով» մեղադրյալին չհասցրեցին հարցաքննել. դատարանում էր ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը |azatutyun.am|
18:03 - 24 դեկտեմբերի, 2024

«Ավտոբուսի գործով» մեղադրյալին չհասցրեցին հարցաքննել. դատարանում էր ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր շարունակվեց իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի գործով դատավարությունը։ Ամբաստանյալը ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդ Սամվել Վարդանյանն է, որը մեղադրվում է խուլիգանության և համացանցում քաղաքական հայացքներով պայմանավորված՝ պատգամավորի նկատմամբ խտրականություն, ատելություն տարածելու համար, նա մեղքը չի ընդունում։

Ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդը մեկ տարվա ընթացքում երկու անգամ վիճել է Ասլանյանի հետ։

Վարդանյանի ու պատգամավորի վերջին հանդիպումը ավտոբուսում այս տարվա ապրիլին էր, երիտասարդն Ասլանյանին «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» էր անվանել։ Տարածված կադրերում երևում է, որ պատգամավորն, ի պատասխան, հարվածում է Վարդանյանին։ Իսկ ուղիղ մեկ տարի առաջ, էլի ապրիլին, Վարդանյանը YouTube-ում հեռարձակվող փոդքասթի հյուրն էր ու պատմել էր, թե ինչպես է փողոցում պատահաբար հանդիպել Հակոբ Ասլանյանին։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդում է՝ գործում քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն կամ խտրականություն չկա։ Մելիքյանն ասում է՝ Սամվել Վարդանյանը քաղաքական անձ չէ, որպես քաղաքացի իր բողոքն է արտահայտել իշխանության քաղաքականության առնչությամբ, հետևաբար՝ այս, ինչպես նաև խուլիգանության հոդվածը չպետք է վերագրվեին նրան։ Հավելում է՝ Վարդանյանը պարզապես վիրավորական արտահայտություններ էր արել, ինչը հանցակազմ չի պարունակում։

«Այս պահին մեր հստակ դիրքորոշումն է, որ Սամվել Վարդանյանը դուրս չի եկել քաղաքացու կողմից իշխանության ներկայացուցչին քննադատելու՝ այո, թեկուզ կոշտ, այո, թեկուզ կոպիտ քննադատելու չարգելված, չասեմ խրախուսելի, բայց ասեմ չարգելված շրջանակներից», - «Ազատությանն» ասաց փաստաբանը:

Վարդանյանը պետք է այսօր հարցաքննվեր, բայց աշխատանքային օրվա ավարտի պատճատով նիստն ընդմիջվեց մինչև դեկտեմբերի 27-ը։

«Ավտոբուսի գործով» տուժած Հակոբ Ասլանյանն այսօր դատարանում էր,բայց հրաժարվեց որևէ հարցի պատասխանել։

Եթե իրավապահներն արագ քննեցին այս գործն ու ուղարկեցին դատարան, ապա Վարդանյանին խոշտանգելու գործն արդեն ութ ամիս է քննում են, դեռևս չկա որևէ մեղադրյալ։

Վարդանյանը ձերբակալվելուց հետո Քննչականի ճանապարհին ծեծի էր ենթարկվել։ Հարուցվել էր քրեական գործ խոշտանգման հոդվածով։ Փաստաբանի կարծիքով՝ սա քաղաքական պատվեր էր մի մարդու հանդեպ, ով համարձակվել էր իշխանական պատգամավորի հետ վեճի բռնվել։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել