Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանքը՝ 750 հազար դրամի չափով։ Նա ազատվել է պատժի կրումից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Այսօր տեղի ունեցան Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» լրացուցիչ դատալսումները՝ նշանակման ենթակա պատժի հարցով։ Դատարանը վճռեց նշանակել պատիժ 750 հազար դրամ տուգանքի ձևով։ Միաժամանակ, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը, դատարանը վճռեց Սամվելին ազատել պատժից։
Հիշեցնեմ, որ հիմնական դատալսումների արդյունքում դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։ Մենք համաձայն չենք դատապարտման հետ և պատրաստվում ենք դատավճիռը բողոքարկել։
Հիշեցնեմ նաև, որ ուղիղ 1 տարի առաջ՝ 2024թ. ապրիլի 15-ին Սամվելին խոշտանգելու փաստով քննվող վարույթով որևէ առաջընթաց չկա», - նշված է իրավապաշտպանի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ 2024 թ․ ապրիլի 15-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ քաղաքացին հանրային տրանսպորտում տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին նրա հետ վեճի է բռնվում։
Նշենք նաև, որ ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի քաղաքացին ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս ենթարկվել էր դաժան ծեծի։ Թեմային նաև անդարադարձել էր ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ խոշտանգման դեպքը համարելով «անթույլատրելի»։
comment.count (0)