Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է։ Տիրան Խաչատրյանը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Այս մասին հայտնում է նրա պաշտպանական խումբը։
«Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի անհիմն լինելն ու կալանքի հիմքի բացակայությունն ամբողջությամբ հիմնավորվեց շուրջ 5 ժամ տևած դատական նիստին: Վերաքննիչ բողոքը կներկայացվի դատական ակտը ստանալուց հետո ամենասեղմ ժամկետում», - նշված է պաշտպանական խմբի հայտարարությունում։
Փաստաբանական խումբը նշում է, որ 1200 էջանոց գործին ծանոթանալու համար բավարար ժամանակ չի տրամադրվել։ Նշվում է, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է օրենքով և ՄԻԵԴ ու ՀՀ դատական պրակտիկայով չհիմնավորված տարբերակված մոտեցում:
Քննչական կոմիտեն էլ հայտնում է, որ մեղադրանքը մասնավորապես վերաբերում է նրան, որ ԶՈՒ ԳՇ նախկին պետը 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ։
«Մասնավորապես, վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները», - նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան առավոտյան ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։ Ըստ նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանի՝ մեղադրանքը առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքներին, մասնավորապես՝ ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության հետ, որը նա չի ընդունում։
comment.count (0)