1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնը թողնելուց մի քանի օր առաջ որոշում է կայացրել Կուբային հանել ահաբեկչությանն աջակցող պետությունների ամերիկյան ցուցակից։
Ի պատասխան՝ Կուբան, համաձայնության գալով Վաշինգտոնի հետ, խոստացել է ազատ արձակել 553 բանտարկյալի։ ԱՄՆ-ն ակնկալում է, որ նրանց թվում կլինեն չորս տարի առաջ բողոքի ցույցերին մասնակցելու համար դատապարտվածները։
Բայդենի հայտարարության մեջ ասվում է, որ Կուբայի իշխանությունները վերջին վեց ամսվա ընթացքում չեն աջակցել միջազգային ահաբեկչությանը և վստահեցնում են, որ մտադիր չեն դա անել ապագայում։
Կուբան ԱՄՆ պատժամիջոցների տակ է 1962 թվականից։ 2015-ին դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման Կուբային հանեց «ահաբեկիչների» ցուցակից, 2021-ին հանրապետական նախագահ Թրամփը, դարձյալ հեռանալուց մի քանի օր առաջ, Հավանան վերականգնեց այդ ցուցակում, իսկ չորս տարի անց դեմոկրատ նախագահ Բայդենը Կուբային նորից հանեց այնտեղից։
Ահաբեկչությունն աջակցող պետությունների ցուցակում հայտնված երկիրը զրկվում է ԱՄՆ-ի տնտեսական օգնությունից և սահմանվում է նրան ամերիկյան զենք վաճառելու արգելք։ Կուբայի բացառումից հետո ամերիկյան ցուցակում մնում են Իրանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան։
comment.count (0)