ՄԱԳԱՏԷ

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը մեկնել է Զապորոժիեի ԱԷԿ
 |shantnews.am|

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը մեկնել է Զապորոժիեի ԱԷԿ |shantnews.am|

shantnews.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին մեկնել է Էներգոդար՝ այցելելու Զապորոժիեի ատոմակայան (ZNPP): «Ես գնում եմ Զապորոժիեի ատոմակայան»,-գրել է Գրոսսին X-ի իր էջում։ Նա հավելել է, որ այցի նպատակն է «խրախուսել և աջակցել միջուկային վթարի կանխարգելմանը»։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի գործարան 2022 թվականի սեպտեմբերից ի վեր հինգերորդ անգամ, երբ գործակալությունը մշտական ​​ներկայություն հաստատեց տեղում։ Օգոստոսի 27-ին Կուրսկի ատոմակայանի ստուգման նպատակով Կուրչատով կատարած այցի ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է, որ գնալու է Ուկրաինա, ապա վերադառնալու է Ռուսաստան։ Ինչպես նշել է Գրոսսին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը նա մտադիր է քննարկել Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։
11:23 - 03 սեպտեմբերի, 2024
Իրանը շարունակում է ավելացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Associated Press |armenpress.am|

Իրանը շարունակում է ավելացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Associated Press |armenpress.am|

armenpress.am: Իրանն ավելացրել է միջուկային զենք ստեղծելու համար պիտանի հարստացված ուրանի պաշարները: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկույցը:  Գործակալության տեղեկություններով՝ այս տարվա մայիսից սկսած Իրանը արտադրել է ևս 22.6 կգ 60 տոկոսով հարստացված ուրան: Այդ նյութերի ընդհանուր ծավալն արդեն 164.7 կիլոգրամ է: Լրատվամիջոցը նշում է, որ նման ուրանը կարելի է հեշտությամբ հարստացնել մինչև 90 տոկոսի՝ ստանալով միջուկային զենքի բաղադրիչներից մեկը։ Բացի այդ, ՄԱԳԱՏԷ-ում հայտնել են, որ Իրանը չի վերանայել 2023 թվականի սեպտեմբերի որոշումը, որով օտարերկրյա տեսուչներին արգելվում է հետևել իրանական միջուկային ոլորտի օբյեկտների ակտիվությանը: Նման ձեռնարկություններում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները մնում են անջատված:  Նշվում է, որ իրանական կողմն այդպես էլ չի պատասխանել Թեհրանի՝ որպես միջուկային օբյեկտ չհայտագրված երկու տեղամասերում ավելի վաղ հայտնաբերված արհեստական ծագման ուրանի մասնիկների վերաբերյալ հարցմանը: Հուլիսի կեսերին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Իրանը գնալով մոտենում է միջուկային զենք պատրաստելու համար նյութեր ստանալու հնարավորությանը։ Նա նշել է, որ գործընթացը կարող է մի քանի շաբաթ տևել: 2015 թվականին միջնորդ 6 երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Իրանի հետ կնքել էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը նախատեսում էր Իրանի դեմ պատժամիջոցների վերացում՝ այդ երկրի կողմից միջուկային ծրագիրը սահմանափակելու պայմանով: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին դուրս էր եկել այդ ծրագչի մասին պայմանավորվածությունից և միակողմանիորեն վերականգնել էր հակաիրանական պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը սկսեց աստիճանաբար կրճատել համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։   
09:41 - 30 օգոստոսի, 2024
Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին |tert.am|

Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին |tert.am|

tert.am: Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել։ «ՄԱԳԱՏԷ-ն կարող է հաստատել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին շարունակում է կոչ անել բոլորին ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն և կրկնում է, որ միջուկային օբյեկտները երբեք չպետք է թիրախ լինեն ռազմական հակամարտությունների ժամանակ»,- ասվում է ՄԱԳԱՏԷ-ի X-ի հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Իրանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ կեսգիշերից հետո 3 աթս է ոչնչացվել Սպահան քաղաքի երկնքում, լուրջ հետևանքներ չկան։ Իսրայելից պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։
11:30 - 19 ապրիլի, 2024
Սաուդյան Արաբիան և Կատարն Իրանին կոչ են արել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ
 |armenpress.am|

Սաուդյան Արաբիան և Կատարն Իրանին կոչ են արել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ |armenpress.am|

armenpress.am: Սաուդյան Արաբիայի և Կատարի ղեկավարներն Իրանի իշխանություններին կոչ են արել լիովին համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այդ մասին ասված է համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Դոհայում Կատարի և Սաուդյան Արաբիայի համակարգող խորհրդի բարձր մակարդակի նիստի արդյունքներով։ «Երկու կողմերը նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը կոչ են արել լիովին համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հարցով», - նշված է հայտարարությունում։ Դոհան և Էր Ռիադը նաև նշել են «ցանկացած համաձայնության» հասնելու կարևորությունը, «որը կնպաստի համապարփակ բանակցությունների մեկնարկին, որոնց կմասնակցեն տարածաշրջանի երկրները»: Սեպտեմբերի 17-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ Իրանը կազմակերպությանը տեղեկացրել է ուրանի հարստացման օբյեկտներում ստուգումներ իրականացնող մի քանի տեսուչների լիազորագրումը հետ կանչելու իր որոշման մասին: Fars գործակալության տվյալներով՝ լիազորագրումից զրկվել են  ՄԱԳԱՏԷ-ի ութ տեսուչներ։ Մեկնաբանելով Թեհրանի այս որոշումը՝ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին նշել է, որ Միացյալ Նահանգները և եվրոպական երեք երկրներ «չարաշահել են» ՄԱԳԱՏԷ-ի «Կառավարիչների խորհրդի լիազորություններն» իրենց քաղաքական նպատակներով։ Դիվանագետը հավելել է, որ Իրանը կշարունակի համագործակցել գործակալության հետ առկա համաձայնությունների շրջանակներում:
11:24 - 06 դեկտեմբերի, 2023
Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
 |armenpress.am|

Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկներին և ուղեցույցներին՝ սերտորեն համագործակցելով Գործակալության  հետ։ Գործակալությունում վստահ են, որ Հայաստանն ատոմակայանի անվտանգության առումով լուրջ աշխատանք է իրականացնում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ «Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին և ցուցումներին։ Սա շատ կարևոր է։ Ատոմակայանում տեղի են ունեցել վերանորոգման կարևոր աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին։ Այսպիսով՝ մենք կարող ենք շարունակել գործել։ Ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգում պետք է լինի մի քանի տարով, և մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես են այդ աշխատանքները իրականացվել»,- ասաց Գրոսին։   Անդրադառնալով վերջերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն ուղղված թուրքական կողմի նամակին, որով պահանջվում էր քայլեր ձեռնարկել Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ՝ Գրոսին նշեց, որ իրենք լսում են բոլորին և տալիս են համապատասխան բացատրություններ։ «Մենք լսում ենք բոլորին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գլոբալ կազմակերպություն է։ Այսպիսով, մենք յուրաքանչյուրին լսում ենք։ Ինչ վերաբերում է այդպիսի մտահոգություններին, մենք բացատրում ենք, թե ինչ ենք անում, մենք հավաստիացումներ ենք տալիս, որ ամեն ինչ ճիշտ է արվում։ Ես կարող եմ ասել, որ սա միակ դեպքը չէ։ Աշխարհի այլ հատվածներում էլ, որտեղ հարևան երկրները միմյանց հետ որոշակի խնդիրներ ունեն, մոտենում են ինձ և հարցնում՝ ի՞նչ է կատարվում մեր հարևան երկրում։ Մենք դրանց լուրջ ենք վերաբերվում, բայց մենք պատասխանները տալիս ենք։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել մեզ հետ և ամրապնդում է ատոմակայանի անվտանգությունը, և մենք վստահ ենք այս հարցում»,- ընդգծեց նա։ Հարցին, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պլանավորում է Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, Գրոսին պատասխանեց․ «Ոչ, բացարձակապես ոչ։ Եթե ատոմակայանի հետ կապված հարց լինի, մենք այն անմիջապես կհասցեագրենք կառավարությանը և առաջինը կասենք, որ խնդիր կա ու որոշ գործողություններ անելու անհրաժեշտություն կա։ Բայց այս պահին, ինչպես արդեն ասացի, մենք վստահ ենք, որ գործողությունները կարող են շարունակվել»,- եզրափակեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը։
13:03 - 05 դեկտեմբերի, 2023
ԱԷՄԳ բանաձևը կոչ է անում Ռուսաստանին զորքը դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից
 |1lurer.am|

ԱԷՄԳ բանաձևը կոչ է անում Ռուսաստանին զորքը դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից |1lurer.am|

1lurer.am: Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Ռուսաստանին զորքը դուրս բերել Զապորոժիեի ատոմակայանից և «դադարեցնել բոլոր գործողություններն» ուկրաինական միջուկային օբյեկտներում՝ հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունը, գրում է РИА Новости-ն։ «ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի այսօրվա նիստում ընդունվեց ոչ պրոֆեսիոնալ կազմված բանաձև, որը դուրս է գործակալության մանդատի շրջանակից և պարունակում է փաստացի սխալներ Ուկրաինայում միջուկային անվտանգության, ֆիզիկական միջուկային անվտանգության և Ուկրաինայում երաշխիքների վերաբերյալ: Սա ևս մեկ քայլ է ԱԷՄԳ-ի աշխատանքի քաղաքականացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Ըստ դիվանագիտական ​​աղբյուրների՝ համապատասխան բանաձևը ներկայացրել են Կանադան և Ֆինլանդիան։ Փաստաթղթին աջակցել են 35 երկրից 24-ը, դեմ են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը։ Վիետնամը, Հնդկաստանը, Քենիան, Նամիբիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Հարավային Աֆրիկան ձեռնպահ են մնացել, Բուրունդիի և Լիբիայի պատվիրակությունները չեն մասնակցել քվեարկությանը։
12:59 - 18 նոյեմբերի, 2022
Եթե Ռուսաստանն ասում է, որ Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում, ուրեմն ինքն այն պատրաստել է. Զելենսկի
 |news.am|

Եթե Ռուսաստանն ասում է, որ Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում, ուրեմն ինքն այն պատրաստել է. Զելենսկի |news.am|

news.am: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի զանգերը օտարերկրյա առաջնորդներին, թե, իբր, Ուկրաինան ռադիոակտիվ «կեղտոտ ռումբով» գրոհներ է պատրաստում, նշանակում են, որ Ռուսաստանն ինքն է նման հարված պատրաստում։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է երեկոյան ուղերձում, որի տեքստը հրապարակվել է նախագահի Գրասենյակի կայքում։ «Եթե Ռուսաստանը զանգահարում եւ ասում է, որ Ուկրաինան, իբր, ինչ-որ բան է պատրաստում, դա մի բան է նշանակում՝ Ռուսաստանն այդ ամենն արդեն պատրաստել է,- ասել է Զելենսկին։ Ուստի, երբ այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարը հեռախոսային կարուսել է կազմակերպում եւ զանգահարում է արտաքին գործերի նախարարներին՝ հեքիաթներ պատմելով այսպես կոչված «կեղտոտ» միջուկային ռումբի մասին, բոլորն ամեն ինչ հիանալի հասկանում են։ Հասկանում են, թե ով է ամեն մի կողտոտ բանի աղբյուրն այս պատերազմում»։ Նշենք, որ Ուկրաինան հրավիրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետներին՝ այցելել այն օբյեկտներ, որտեղ, ինչպես պնդում են Ռուսաստանում, կարող է ստեղծվել այսպես կոչված «կեղտոտ ռումբ»՝ ռադիոակտիվ նյութ պարունակող պայթուցիկ սարք։
11:21 - 25 հոկտեմբերի, 2022
Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին Էներգամատակարարումը վերականգնվել Է. ՄԱԳԱՏԷ

 |armenpress.am|

Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին Էներգամատակարարումը վերականգնվել Է. ՄԱԳԱՏԷ |armenpress.am|

armenpress.am: Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգամատակարարումն արտաքին գծով վերականգնվել է: Այդ մասին հոկտեմբերի 18-ին ասվում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարության մեջ: «ԶԱԷԿ-ը վերականգնել է միացումն էլեկտրահաղորդման իր միակ մնացած գործող գծին (750 կիլովոլտ լարվածությամբ) այն բանից հետո, երբ այն երրորդ անգամ էր կորել տասն օրվա ընթացքում»,-ասվում է Գործակալության կայքում տարածված հայտարարության մեջ: Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ում հաղորդել են, որ  Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարումը տասն օրվա մեջ դադարեցվել էր արդեն երրորդ անգամ: ԱԷԿ-ն էլեկտրականություն է ստացել պահուստային համակարգի միջոցով: Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշոր ատոմակայանն է Եվրոպայում, այն ունի վեց էներգաբլոկ: Ներկայում կայանն էլեկտրաէներգիա չի մշակում. սեպտեմբերի 11-ին դադարեցվել է վերջին աշխատող ռեակտորը:
11:10 - 19 հոկտեմբերի, 2022
ՀՀ նախագահն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրենն անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին

ՀՀ նախագահն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրենն անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին

 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման տեսանկյունից:  «Ձեր այցելությունը շատ կարևոր է մեզ համար: Հայաստանում 1976 թվականից սկսել է աշխատել ատոմային էլեկտրակայանը: Այդ ժամանակաշրջանից մինչ օրս մենք տարբեր փորձությունների միջով ենք անցել: Նկատի ունեմ՝ Սպիտակի երկրաշարժը, և դրանից հետո ատոմակայանի աշխատանքի դադարեցումը: Հետագայում արդեն այն վերսկսեց իր աշխատանքները 1995-ին: Ես, որպես կառավարական հանձնաժողովի անդամ, մասնակցել եմ այդ գործընթացին և կարող եմ վստահաբար նշել, որ ատոմակայանի վերագործարկումը չէր իրականանա, եթե չլիներ ԱԷՄԳ-ի հետ մեր սերտ համագործակցությունը, գործակալության կողմից ցուցաբերված խորհրդատվական ու տեխնիկական լայն աջակցությունը: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը շարունակական է լինելու»,- ասել է Վահագն Խաչատուրյանը: Ռաֆայել Մարիանո Գրոսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած կառույցը պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ու թվային համակարգերի զարգացման, ռազմավարության մշակման հարցերում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին, երիտասարդ և պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը: ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը մասնավորապես փորձագիտական խորհրդատվության և համապարփակ աջակցության տրամադրման շրջանակում:
13:08 - 05 հոկտեմբերի, 2022
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի

 |armenpress.am|

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի |armenpress.am|

armenpress.am: Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին դրական է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանում կատարված անվտանգային բարեփոխումները։ Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում։ «Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Որախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ դրա նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել է նա։ Ռաֆայել Մարիանո Գրոսին Հայաստան է ժամանել հոկտեմբերի 4-5-ը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրավերով։ Այցի շրջանակում նա արդեն հանդիպել է ՀՀ նախագահի, վարչապետի, առողջապահության նախարարի հետ։ Հոկտեմբերի 5-ին ակնկալվում է Գրոսիի դասախոսությունը Երևանի պետական համալսարանում։
10:23 - 05 հոկտեմբերի, 2022
Նախարար Միրզոյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն անթույլատրելի է համարել ՀԱԷԿ-ի վերաբերյալ հնչած սպառնալիքները

Նախարար Միրզոյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն անթույլատրելի է համարել ՀԱԷԿ-ի վերաբերյալ հնչած սպառնալիքները

Հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ: Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր, կարևորում է ԱԷՄԳ հետ հաստատված արդյունավետ համագործակցության զարգացումը՝ ուղղված միջուկային էներգիայի խաղաղ, անվտանգ և ապահով օգտագործմանը: Հայկական կողմը բարձր է գնահատել Գործակալության տեխնիկական համագործակցության ծրագրի և ԱԷՄԳ առաքելությունների դերը, որոնք հիմնարար նշանակություն ունեն ատոմային էլեկտրակայանի անվտանգ երկարաժամկետ շահագործման համար։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայկական ատոմային էլեկտրակայանի նկատմամբ հնչած սպառնալիքների, ինչպես նաև էլեկտրակայանի շահագործման հետ կապված անհարկի շահարկումների անթույլատրելիությունը: Ռաֆայել Գրոսին նշել է, որ Հայաստանն ԱԷՄԳ վստահելի գործընկերն է և առանձնահատուկ շեշտել Հայաստանի թափանցիկ գործելաոճը և ԱԷՄԳ առաքելությունների առաջարկությունների հետևողական հասցեագրումը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԱԷՄԳ ծավալուն օրակարգն իր մեջ ներառում է ինչպես միջուկային անվտանգության և էներգետիկայի, այնպես էլ՝ շրջակա միջավայրի, առողջապահության, արտակարգ իրավիճակների և այլ բնագավառներ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է վերոնշյալ ուղղություններով Գործակալության ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի:
15:31 - 04 հոկտեմբերի, 2022