Տրանսպորտի հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ Իլհամ Ալիևը հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին: Իլհամ Ալիևը թվել է նոր նախագծերը՝ դրանց շարքում շեշտելով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Նա հայտարարել է, որ երկիրը «գործնական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ»:
Ալիևը կրկին պահանջել է, որ Հայաստանը ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել կապ՝ իր խոսքով, առանց որևէ ստուգման և խոչընդոտի։
«Մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, սակայն Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով անարգել երթևեկություն Ադրբեջանի մի մասից մյուսը»,- ասել է Ալիևը:
Ալիևը ասել է, թե 1920 թվականին խորհրդային կառավարությունը Ադրբեջանից խլել է Արևմտյան Զանգեզուրը․ «Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը։ Նորից եմ ասում՝ մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան [նկատի ունի՝ Նախիջևան-խմբ․] անարգել անցում»։
Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային նախաձեռնությանը և հայտարարել է, թե այն առանց Ադրբեջանի «գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս փոխանցել են»։
«Եթե Հայաստանը իսկապես ցանկանում է իրականացնել այդ նախագիծը, ապա նախ պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը թղթի կտոր է»,- ասել է Ալիևը։
comment.count (0)