civilnet.am: Բնականաբար մտահոգված ենք։ Եթե Հայաստանի արդյունաբերության առաջատարը մեկ շաբաթ չի աշխատում, դա ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա։ Մեկնաբանելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակն ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մեզ համար կատարյալ տարբերակ կլինի, որ օր առաջ վերսկսվի հանքարձյունաբերական գործարանի աշխատանքը»,-ասել է Պապոյանը։
Հարցին, թե ի՞նչ է անում կառավարությունն իրավիճակը հանգուցալուծելու համար, նախարարը նշեց, որ դա արհմիության և հանքարդյունաբերության աշխատակիցների տիրույթում գտնվող հարց է։ «Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է հուսա, որ արհմիության աշխատողների և կազմակերպության ղեկավարության միջև բանակցույթունները կավարտվեն այն արդյունքով, որ հանքը օր առաջ կսկսի աշխատել»,-ասել է Պապոյանը։
Նախարարի խոսքով, Էկոնոմիկայի նախարարության համար լավագույն իրավիճակը հանքի աշխատելն է, որովհետև Հայաստանի շահը դրանից է բխում, որովհետև հանքի աշխատելը նշանակում է տնտեսության աճ, արտահանման աճ և այլն։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը շարունակվում է արդեն մեկ շաբաթ: Փետրվարի 5-ին կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների միջև բանակցություններն ավարտվեցին անարդյունք։
Գործադուլավորները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։
Նախորդ օրերին կոմբինատի ղեկավարությունը տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ աշխատակիցներն աշխատավարձի անիրատեսական բարձրացում են պահանջում։ Հաղորդագրության մեջ նաև շեշտվել էր, որ աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ, սակայն աշխատակիցները հակադարձում են այս պնդումներին։
comment.count (0)