civilnet.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օրական շուրջ 400 մլն դրամի վնաս է կրել գործադուլի պատճառով։ Այս մասին ՍիվիլՆեթին ասաց ԶՊՄԿ մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանը։
Մարգարյանի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում «աշխատակիցների մի խումբ և կոմբինատի հետ չկապված անձինք խոչընդոտել են կազմակերպության բնականոն աշխատանքը»։ Արդյունքում, ըստ նրա, կոմբինատը ֆինանսական զգալի վնասներ է կրել, իսկ պետական բյուջեն օրական ավելի քան 100 մլն դրամի հարկային եկամուտներից է զրկվել։
Ընկերությունում ակնկալում են, որ «օրինախախտները կկրեն տեղի ունեցածի համար օրենքով նախատեսված պատասխանատվություն»։
Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել է, որ իրենք չեն պատրաստվում դադարեցնել գործադուլը։ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել, որով կոչ է անում ԶՊՄԿ-ի աշխատակիցներին ժամը 13:00-ին ընտանիքների և աջակիցների հետ հավաքվել կոմբինատի մուտքի մոտ։ Այս քայլը նա որակել է արժանապատվության հարց, և նշել, որ ոչ ոք չի կարող ճնշումների միջոցով իրենց ստիպել, որ վերականգնվի ընկերության աշխատանքը։
Ութ օր է՝ շարունակվում է Հայաստանի ամենախոշոր ձեռնարկության՝ Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը. պահանջը աշխատավարձերի բարձրացումն է։ Ընկերությունը անիրատեսական է համարում 50 տոկոսի չափով աշխատավարձերի բարձրացումը։
comment.count (0)