civilnet.am: «Մենք համաձայն չենք մեղադրական վերդիկտի հետ և այն բողոքարկելու ենք վերաքննիչ դատարանում: Մենք նաև վիճարկելու ենք պատժի խստությունը: Մեր դիրքորոշումն է, որ մեղադրական վերդիկտը չէր կարող կայացվել, իսկ եթե կայացվել է, ապա պատիժը չպետք է լիներ այդքան խիստ։ Իհարկե, մեր հիմնական խնդիրը մեղադրական վերդիկտի վիճարկումն է»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտպան Անդրանիկ Մնացականյանը։
Այսօր Սյունիքի մարզի դատարանն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտեց 5,5 տարվա ազատազրկման։ Երեկ՝ փետրվարի 6-ին, Սյունիքի մարզի դատարանում դատախազը վեց տարի պահանջեց ՑՕՐ-ի «Դ-20 դիվիզիոնի» գործով մեղադրվող Ջալալ Հարությունյանի համար։ Ավելի վաղ՝ հունվարի 15-ին, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի վճռով՝ Ջալալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել «ռազմական դրության, պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանք» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով):
Ջալալ Հարությունյանի փաստաբանը ասաց, որ իր պաշտպանյալը խոչընդոտող հիվանդություն ունի, և պիտի փորձաքննություն նշանակվի: Դատարանը, նրա խոսքով, անհիմն է մերժել այդ փորձաքննությունը, քանի որ Հարությունյանը մոտ յոթ անգամ վիրահատվել է և երկար ժամանակ անգիտակից վիճակում պառկած է եղել, և միայն տևական բուժումից հետո է կարողացել ոտքի կանգնել։
Պաշտպանվող կողմը նաև միջնորդել էր, որ դատարանը երեխայի խնամքի հիմքով պայմանավորված պատիժը հետաձգի։
«Օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, եթե մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում է տալիս, և անձը մինչև վեց տարեկան երեխա ունի իր խնամքին։ Բայց դատարանը, իմ կարծիքով, ուղղակի պատիժ նշանակեց 5,5 տարի և ոչ 5 տարի, որպեսզի ուղղակի այդ հարցը այլևս չքննարկի»,- ասաց փաստաբանը։
Ըստ Անդրանիկ Մնացականյանի՝ ծանրացնող որևէ հանգամանք չկար այս գործում, միայն մեղմացնող հանգամանքներ են և 4-8 տարի սանկցիայի պայմաններում դատարանը նշանակեց 5,5 տարի ազատազրկում․ «Սա, մեր կարծիքով, ևս չի համապատասխանում այս պահին գործում առկա մեղմացնող-ծանրացող հանգամանքներին ու Ջալալ Հարությունյանի անձը բնութագրող տվյալներին»։
Փաստաբանն ասաց, որ դատավճիռը՝ դատական ակտը ստանալուց ու ուսումնասիրելուց հետո, մամուլի ասուլիս կհրավիրեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
comment.count (0)