Հայաստանը պահպանել է դիրքերը կոռուպցիայի ընկալման համաթվում |civilnet.am|
11:23 - 11 փետրվարի, 2025

Հայաստանը պահպանել է դիրքերը կոռուպցիայի ընկալման համաթվում |civilnet.am|

civilnet.am: Կոռուպցիայի ընկալման համաթվի 2024-ի արդյունքներով Հայաստանի արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 47 միավոր 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ Այդ մասին հայտնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլը։

Ըստ կազմակերպության համաթվի՝ 180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Խորվաթիայի հետ կիսում է 63-64-րդ տեղերը (2023-ին Հայաստանը գրավում էր 62-րդ տեղը):

Հայաստանը, 53-55-րդ տեղերում գտնվող Վրաստանից (53) հետո երկրորդ տեղում է տարածաշրջանի երկրների շրջանում։

Ինչպես և նախորդ չորս տարիներին, Հայաստանի ԿԸՀ արժեքը 2024 թվականին (47) ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջին արժեքից (այն պահպանվել է 43)։ Այն նաև գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) 2024 ԿԸՀ արժեքները։ Իր հարևաններից Թուրքիան (34) կիսում է 107-113-րդ տեղերը, Իրանը (23)` 151-153-րդ տեղերը, իսկԱդրբեջանը (22)՝ 154-157-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (40) զբաղեցնում է 88-91-րդ տեղերը,Բելառուսը (33)՝ 114-120-րդ տեղերը, Ղրղզստանը (25)՝ 146-148-րդ տեղերը և Ռուսաստանը (22)՝ 154-157-րդ տեղերը:

Նշվում է նաև, որ Հայաստանի ԿԸՀ 2024-ի համաթիվը (47) հավասար է այն հաշվարկելու համար օգտագործված 6 աղբյուրների համաթվերի միջին թվաբանականին։ Այդ աղբյուրներն են` Բերթելսմանի հիմնադրամի 2024 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (51 միավոր, 2023-ին՝ 49), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2024-ի զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (44 միավոր, 2023-ին՝ 44), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2024-ի վարկանիշը (46 միավոր, 2023-ին՝ 47), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2024-ի ուղեցույցը (33 միավոր, 2023-ին՝ 32), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2024 թ․-ի հրապարակումը (50 միավոր, 2023-ին՝ 55) և Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2024-ի հրապարակումը (56 միավոր, 2023-ին՝ 54):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել