azatutyun.am: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
ԱՄՆ Պետդեպարտամենտից հաղորդում են, որ պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Թրամփի հանձնառությունը՝ վերջ դնելու ուկրաինական հակամարտությանը։ Բացի այդ, ըստ Պետդեպի, քննարկվել են նաև մի շարք երկկողմ հարցեր։
Այլ մանրամասներ կողմերը չեն հրապարակում։
Այս զրույցը հաջորդում է չորեքշաբթի օրը երկու երկրների նախագահներին հեռախոսազրույցին։ Զրույցից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են բանակցություններ սկսել Ուկրաինայում պատերազմն ավարտելու շուրջ։
Մյունխենում դիմելով արևմտյան առաջնորդներին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շեշտել է՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ առանձին որոշում չեն կարող կայացնել ոչ Թրամփն ու Պուտինը, ոչ էլ ինքն ու Պուտինը: Նա պնդել է՝ պետք է միասնականորեն ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա՝ խաղաղության հասնելու համար։
comment.count (0)