«Համասը» պետք է արմատախիլ արվի. Ռուբիո |amerikayidzayn.com|
10:20 - 18 փետրվարի, 2025

«Համասը» պետք է արմատախիլ արվի. Ռուբիո |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե «Համասը» պետք է արմատախիլ արվի։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը Գազան «Համասի» ազդեցությունից զերծ պահելու մասին:

«Համասն» ազատ է արձակել ևս երեք պատանդների, որոնք ավելի քան 15 ամիս տևած գերությունից հետո վերադարձել են Իսրայել։

Պատանդների ազատ արձակումը Իսրայելի հետ կնքված հրադադարի մասն է, ըստ որի երկու կողմերը համաձայնել են վայր դնել զենքերը՝ պատանդների և գերիների փոխանակման ժամանակ:

«Համասի» կողմից ազատ արձակվածների թվում էր ամերիկյան ու իսրայելական քաղաքացիություններ ունեցող՝ երկքաղաքացի Սագուի Դեկել-Չենը։ Նա, վերջապես, կարողացավ տեսնել իր կնոջն ու երկու դուստրերին, որոնք 2023 թվականի հոկտեմբերի 7-ի արյունալի հարձակումների ժամանակ թաքստոցում էին:

Մերձավորարևելյան շրջագայությունը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սկսել է Իսրայելից:

««Համասը» չի կարող մնալ որպես ռազմական կամ կառավարող ուժ։ Քանի դեռ այն հանդես է գալիս որպես ուժ, որը կարող է կառավարել կամ կարող է սպառնալ՝ բռնության կիրառմամբ, խաղաղությունն անհնար է: Այն պետք է արմատախիլ արվի»,-ասել է Ռուբիոն։

Ե՛ վ Ռուբիոն, և՛ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոսել են տարածաշրջանում Իրանի ազդեցության դեմ միասնաբար հանդես գալու մասին:

«Այսօր պետքարտուղար Ռուբիոն և ես շատ արդյունավետ քննարկում ունեցանք մեր աշխատակազմերի հետ՝ մի շարք հարցերի շուրջ, որոնցից ամենակարևորն Իրանն է։ Իսրայելն ու Ամերիկան կողք-կողքի են կանգնած Իրանից բխող սպառնալիքը դիմակայելու հարցում։ Մենք համաձայն ենք, որ այաթոլլաները չպետք է միջուկային զենք ունենան։ Մենք նաև համաձայն ենք, որ Իրանի ագրեսիան տարածաշրջանում պետք է հետ մղվի»,- ասել է Նեթանյահուն։

«Համասի» հետ հրադադարի շրջանակում Իսրայելն ազատ է արձակել 369 պաղեստինցի բանտարկյալների։ Նրանցից 36-ը ցմահ դատապարտյալներ էին։

Իսրայելն այդ մարդկանց ահաբեկիչներ է անվանում, պաղեստինցիները՝ ազատամարտիկներ։

Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցած շաբաթ կրկնեց, թե Միացյալ Նահանգները պետք է իր վերահսկողությունը հաստատի Գազայի նկատմամբ՝ զարգացնելով այն:

«Մենք կստատանք այն և կպահպանենք։ Կանենք այնպես, որ խաղաղություն լինի: Եվ ոչ մի խնդիր չի լինի, և ոչ ոք կասկածի տակ չի առնի այդ, և մենք շատ ճիշտ կերպով այդ կկառավարենք: Ի վերջո, կունենանք տնտեսական զարգացում շատ մեծ մասշտաբով, գուցե ամենամեծ մասշտաբով այդ շրջանում»,- ասել է Թրամփը։

Նորություն չէ, որ ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածի մեծ մասը հողին է հավասարեցվել: Իսրայելի ներկայացմամբ՝ իր թիրախում ահաբեկիչներն են: Պաղեստինցիները պնդում են, թե ռումբերի տակ է նաև խաղաղ բնակչությունը։

Հայտնի է ԱՄՆ նախագահի ցանկությունը, թե Եգիպտոսը և Հորդանանը պետք է ընդունեն մոտ 2,3 միլիոն պաղեստինցիներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել