Էկոնոմիկայի նախարարը և ԱՄԷ գերագույն խորհրդի անդամը անդրադարձել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագրին
20:43 - 20 փետրվարի, 2025

Էկոնոմիկայի նախարարը և ԱՄԷ գերագույն խորհրդի անդամը անդրադարձել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագրին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ին եղել է ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքում, որտեղ նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ-Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի հետ։
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ԱՄԷ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ և RAK Properties PJSC ընկերության անկախ տնօրեն, Նորին գերազանցություն Մուհամմեդ Մուսաբեհ Ալ Նուաիմի Ռաս ալ-Խայմային։
 
«Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը և մեծ ներուժ ենք տեսնում դրանց հետագա ընդլայնման համար»,- նշել է նախարարը և հավելել, որ վերջին տարիներին երկու երկրների առևտրատնտեսական կապերը զգալիորեն ամրապնդվել են։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունների մասին։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագրին, որը նպատակ ունի խթանելու տնտեսական հարաբերությունների զարգացմանը։
 
Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի Ազատ տնտեսական գոտիները (ԱՏԳ) և դրանց ընձեռած հնարավորությունները ԱՄԷ-ի ընկերությունների համար։ Հայկական կողմը շեշտել է, որ ԱՏԳ-ներն ապահովում են բարենպաստ հարկային և իրավական պայմաններ օտարերկրյա ներդրողների համար։ Քննարկվել է նաև «Մասդար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում են ներդրումներ վերականգնվող էներգիայի ոլորտում։
 
Կողմերն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներին, առաջիկայում երկկողմ գործակցության հուշագրի ստորագրման հնարավորություններին, ինչպես նաև հայկական ագրոպարենային ապրանքների արտահանման և ԱՄԷ շուկայում ներկայացվածության ընդլայնմանը։
 
Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը կարող է տարածաշրջանում երկարատև խաղաղության հիմք հանդիսանալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել