ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատի Ուկրաինային նոր օգնության փաթեթը |factor.am|
12:36 - 21 փետրվարի, 2025

ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատի Ուկրաինային նոր օգնության փաթեթը |factor.am|

factor.am: ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատի Ուկրաինային տրամադրվող նոր օգնության փաթեթը։ Այս մասին Newsmax հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ շահագրգռվածություն չի տեսնում Ուկրաինային հետագա օգնություն տրամադրելու հարցում, և որ Կիևին միջոցների հատկացումը պետք է դադարեցվի, քանի որ «այդ ամենը շատ երկար է ձգվում»։ «Ոչ ոք դրա ախորժակը չունի»,- ասել է հանրապետական գործիչը։ Նա ընդգծել է, որ սկզբում պետք է ավարտել Ուկրաինայում պատերազմը։ «Եվ ես կարող եմ ասել, որ մեր եվրոպացի դաշնակիցները ևս գիտակցում են դրա անհրաժեշտությունը»,- հավելել է նա։

ԱՄՆ-ում բյուջեի հարցերը հիմնականում որոշում է Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն ունեն հանրապետականները, նրանք էլ աջակցում են նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։ Բացի այդ, ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանա հաղթել Ռուսաստանին, քանի որ այն ունի թվային մեծ առավելություն, իսկ Եվրոպայի զենքի պաշարները սպառվել են։

Նա նաև ընդգծել է, թե ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, ո՛չ էլ ուկրաինացիները «հաղթանակի ճանապարհ չեն ունեցել»:

«Դա ճիշտ էր երեք տարի առաջ, երկու տարի առաջ, անցյալ տարի, և դա ճիշտ է այսօր»,- ասել է Վենսը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին «բռնապետ» էր անվանել և  Ուկրաինայում նախագահական ընտրությունների կոչ արել։ Այս հայտարարություններին նախորդել էին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել