armenpress.am: Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունն հայտարարել է Սիրիայում իրականացված ավիահարվածի մասին, որի արդյունքում ոչնչացվել է «Հուրաս ադ-Դին» իսլամիստական խմբավորման ղեկավարության բարձրաստիճան համակարգողն, ով կապեր է ունեցել նաև «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ։ Այս մասին ԱՄՆ կենտրոնական հրամատարությունը հայտնել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման միջոցով:
«Փետրվարի 21-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը ճշգրիտ ավիահարված են հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Հուրաս ալ-Դին» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան ղեկավար Վասիմ Թահսին Բայրաքդարը»,-նշված է տարածված գրառման մեջ:
CENTCOM-ը հավելել է, որ հարվածները տարածաշրջանի գործընկերների հետ համատեղ պարտավորությունների մի մասն է՝ խափանելու և նվազեցնելու ահաբեկիչների ջանքերը՝ ծրագրելու, կազմակերպելու և իրականացնելու ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և գործընկերների դեմ ուղղված հարձակումները՝ խաղաղ բնակիչների և զինվորականների դեմ ողջ տարածաշրջանում և դրանից դուրս:
«Մենք անխնա հետապնդելու և ոչնչացնելու ենք ահաբեկչական սպառնալիքները՝ անկախ դրանց գտնվելու վայրից, որպեսզի պաշտպանենք մեր հայրենիքը և մեր դաշնակիցներին ու գործընկերներին»,-ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլյան:
«Հուրաս ադ-Դին»-ն «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ճյուղերից մեկն է, որը գործում է Սիրիայում՝ քարոզելով արմատական իսլամիստական գաղափարախոսությունը։
Ըստ ԱՄՆ-ի՝ խմբավորումը ակտիվորեն ներգրավված է ռազմական գործողություններում՝ սպառնալով տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը։
comment.count (0)