armenpress.am: Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի Չինաստանի մի շարք ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ՝ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին աջակցելու համար։ Այս մասին հայտարարություններ են տարածել ինչպես ԱՄՆ պետքարտուղարությունը, այնպես էլ Ֆինանսների նախարարությունը։
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ պատժամիջոցների ցանկում են հայտնվել իրանական և չինական 6 ֆիզիկական անձ և 12 կազմակերպություն։
«Պատժամիջոցների ցուցակին ավելացված անձինք աջակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարբեր կապալառուների, որոնք օգնում են Իրանին արտադրել ածխածնային մանրաթել, որն անհրաժեշտ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արտադրելու համար», - ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:
Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտնել է, որ Իրանի կողմից առաջադեմ բալիստիկ հրթիռների արտադրությունն «անընդունելի սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների և տարածաշրջանային կայունության համար»։
«Միացյալ Նահանգները չի կարող Իրանին թույլ տալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակել», - ասել է Բեսենթը, որի խոսքը մեջբերվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշված է, որ այս միջոցները մասն են կազմում նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության նախագահական հուշագրի, որով առավելագույն ճնշում է գործադրվում՝ սահմանափակելու Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը և զրկելու ԻՀՊԿ-ին և նրա «ահաբեկիչ պրոքսիներին ապակայունացնող գործողությունները պահպանելու համար անհրաժեշտ ռեսուրսներից»։
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում այն ժամանակ, երբ բանակցություններ են ընթանում Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ-Իրան բանակցությունների 4-րդ փուլը տեղի է ունեցել մայիսի 11-ին Օմանում։ Կողմերը պատրաստվում են քննարկումների հաջորդ փուլին։
Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը կայացել էին Օմանում (ապրիլի 12-ին և 26-ին), իսկ երկրորդ փուլը՝ ապրիլի 19-ին, Հռոմում: Բանակցություններին իրանական կողմից մասնակցում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյանից՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
comment.count (0)