1lurer.am: Ասել, որ պատրաստ չէին ձյան տեղումներին, ճիշտ չի լինի․ համակարգը նախապես պատրաստ էր։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նա տեղեկացրեց, որ առաջին փուլում մաքրվել են հիմնական փողոցները, հաջորդ օրերին սկսեցին մաքրվել երկրորդային փողոցները։
«Տեխնիկան, մեծաչափ մեքենաները չեն կարող մուտք գործել այնպիսի թաղամասերի փողոցներ, ինչպիսիք են Սարի թաղ, Նորագյուղ և այլ, Քանաքեռի որոշ հատվածներ, դրա համար ստիպված եղանք կովշերը հանել, ավելի անցանելի դարձնել ու որոշ տրամաչափի պիկապներով մշակել փողոցները։ Մայթերում արվել է զգալի աշխատանք, մշակվել և մաքրվել են հիմնական փողոցների մայթերը, շենքեր տանող հատվածները, խնդիր է մնացել բակային տարածքներում, ինչը ևս մեկ անգամ վկայեց, որ պետք է քննարկենք, չեմ ասում արդարացման համար, բայց սա օբյեկտի պատճառ է ՏԻՄ մասին, «Բազմաբնակարան շենքի մասին» օրենքում ճշգրտելու այդ հատվածներում կառավարման մարմիններին հատկացվող սպասարկման տարածքը։ Այդպես էլ որևէ բնակիչ և համատիրություն նորմալ ձեռնամուխ չեղավ շենքերի հենց շքամուտքերի դիմացի հատվածները մաքրելուն»,- ասաց նա։
Արեյանը նշեց, որ այս ընթացքում աղ ու ավազ է բաշխվել բոլոր կառավարման մարմիններին, դա արվել է երկու օր առաջ, դրանք պահեստավորվել են, կանաչապատման աշխատակիցների կողմից մաքրվել են ստորգետնյա, վերգետնյա անցումների աստիճանները, մաքրվել են շենքեր տանող, այգիներ մտնող աստիճանները, արահետները, աշխատանքները կշարունակվեն հետայսու։
«Երեկ և այսօր ծանրացած ենք եղել բազմաբնակարան և հասարակական շենքերի տանիքից կախված սառցաբեկորների մաքրմանը, թունելներում, ինչը զգացնել է տալու հատկապես այս օրերին, քանի որ ցերեկվա ջերմաստիճանը դառնում է դրական, գիշերվա կտրուկ սառցակալումից հետո նորից առաջանալու են սառցաբեկորներ, որը լուրջ վտանգ է սպառնում բնակչության անցուդարձին։ Մենք, այս երևույթները հաշվի առնելով, նաև այն քննադատությունը, որ եղել է, դրա որոշ հատվածում կա օբյեկտիվ կորիզ, մնացած մեկնաբանությունները բավական հեռու են եղել մասնագիտական աշխատանքը պատկերացնելուց և գնահատելուց, այնուամենայնիվ, հանրային կարծիքը մնում է հանրային կարծիք, որքան էլ անտեղյակության արդյունք լինի, բայց պիտի խնդրեմ ուղղակի չմթագնել այն մարդկանց աշխատանքը, որ օրուգիշեր իրականացրեցին»,- ասաց նա։
Առաջիկա անելիքներին անդրադառնալով՝ Արեյանը խնդրեց վարչական շրջանների ղեկավարներին, որ ուշադրություն դարձնեն ավտոլվացման կետերին, քանի որ ջուրը անխնա բաց են թողնում փողոց, ինչը գիշերը հանգեցնում է սառցակալման, «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ սահմանել խիստ հսկողություն դիտահորերից արտահոսող վթարների ժամանակ կոյուղաջրերի հոսքի կանխմանը և ջրի վթարների արագ վերացնելուն, որ սառցակալման պատճառ չդառնան, քանի որ ցածր ջերմաստիճանը շարունակվելու է մինչև ամսի 28-ը։
Արեյանը հայտնեց, որ աշխատանքները կշարունակվեն ցածր ջերմաստիճանի պահպանման ողջ ընթացքում։
comment.count (0)