Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերություններն էականորեն զարգացել են՝ ընդգրկելով գործընկերության օրակարգի գրեթե բոլոր ուղղությունները։
«Ցանկանում եմ ընդգծել Եվրոպական խորհրդարանի դերը, որն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի և հայ ժողովրդի համար առաջնային կարևորություն ներկայացնող հարցերում:
Ցանկանում եմ նաև վստահեցնել, որ մեր տրամադրվածությունը Եվրոպական միության բոլոր նախաձեռնություններին դրական է, և մենք հակված ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները: Վստահ եմ նաև, որ հետագայում մեր համագործակցությունն ավելի ընդգրկուն կդառնա»,- ասել է նախագահը:
Նիլս Ուշակովսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի համար:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ սերտ համագործակցության շարունակական խթանման վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել են պաշտպանական և անվտանգային ոլորտում Հայաստան-ԵՄ սկզբունքային գործակցության շարունակական առաջմղումը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կողմից իրականացվող մշտադիտարկման ու հերթապահության կարևոր դերակատարությանը: Երկուստեք բարձր են գնահատվել Հայաստանի և Եվրամիության համատեղ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:
Զրույցի ընթացքում ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման անխափան ընթացքին աջակցության կարևորությունը: Այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանն անշեղորեն որդեգրել է երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման քաղաքականություն, որից չի նահանջելու:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի միանշանակ դիրքորոշումը: Նախագահը շեշտել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության առկայությունը ժողովրդավարության ամրապնդման կարևոր նախապայմաններից է:
comment.count (0)