ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը:
Ըստ հիմնավորման՝ այն հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և նորարարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և ջրային ռեսուրսների կառավարում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ։
«Համաձայնագիրը հանդիսանում է տնտեսական բնույթի տիպային Համաձայնագիր, որն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը: Նման բովանդակության համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը կնքել է բազմաթիվ երկրների հետ:
Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում»,- ասվում է հիմնավորման մեջ:
Համաձայնագրով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:
«Համաձայնագիրը համահունչ է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 6-րդ կետին (Միջազգային առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում)»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
comment.count (0)