Հայ գերիների հարցը Հայաստանի ԱԳՆ օրակարգում է, բայց կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն. Պարույր Հովհաննիսյան |news.am|
11:41 - 03 մարտի, 2025

Հայ գերիների հարցը Հայաստանի ԱԳՆ օրակարգում է, բայց կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն. Պարույր Հովհաննիսյան |news.am|

news.am: Բաքվում պահվող հայ գերիների հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է, բայց իրականացվող կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն։ Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը` պատասխանելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին։

Պատգամավորը ԱԳ փոխնախարարից հետաքրքրվեց` ԵՄ հետ աշխատանքների ժամանակ կամ այլ խողովակներով արտգործնախարարությունը հնարավորություն արդյոք ունեցե՞լ է բարձրացնելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։

«Տեղի ունեցող այս դատավարությունների ֆոնին ԵՄ–ն ի՞նչ կոնկրետ քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական իշխանությունները վերադառնան միջազգայնորեն ճանաչված պարտավորությունների կատարմանը»,– հարցեց Գևորգյանը։

Ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ ոչ միայն վերջին շրջանում, այլև միշտ ԱԳՆ յուրաքանչյուր պաշտոնյա ԵՄ հետ յուրաքանչյուր միջոցառման, շփման ժամանակ մշտապես այդ հարցը պահում է օրակարգում։

«Կոնկրետ գործողությունները, քայլերը, ասել, որ մեզ համար գոհացուցիչ են` ոչ, բայց պետք է շարունակել աշխատանքը. ինչպես գիտեք` դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, այդ առումով թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են աշխատանքները»,– արձագանքեց ԱԳ փոխնախարարը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։

Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել