news.am: Շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլ նաև մյուս գերիների դատավարության նկարները։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Դուք այսօր տեսել եք նաեւ ԱԳՆ հայտարարությունը, ամբողջ ընթացքում ՀՀ կառավարությունը օգտագործել է բոլոր այն գոյություն ունեցող հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել: Լուծումը այն է, որպեսզի բոլոր գերիները ազատվեն, այսինքն այս պահին հաստատված 23 գերիները վերադառնան Հայաստանի Հանրապետություն: Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել, որպեսզի ազատվեն բոլոր գերիները, որոնք Ադրբեջանում են»,-ասաց նա: Ճշտող հարցին՝ կոնկրետ, ի՞նչ է անում Հայաստանը, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Հրապարակային շատ ջանքերի մասին դժվար կլինի խոսել։ Ես կարող եմ մեկ օրինակ բերել, եթե հիշում եք, 2023 թվականի գերիների ազատման մասին: Մենք հրապարակային դրա մասին շատ չէինք խոսում, ավելի շատ կենտրոնանում էինք աշխատանքի վրա:
Ես հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա այդ մասով, բայց հարցը շատ նուրբ է, և աշխատանքը, որը տարվում է այդ ուղղությամբ, որ բոլոր գերիները ազատվեն և գան Հայաստան, ամենօրյա է, ամենժամյա է: Հուսով ենք, որ կկարողանանք հաջողություն ունենալ»:
Դիտարկմանը, որ այս պահին Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է եւ կոչ է հնչում դադարեցնել բանակցությունները, քանի դեռ չեն ազատվել գերիները, Արմեն Գրիգորյանն ասաց. «Այդպիսի առաջարկությունները, ես չգիտեմ ինչպես են գնահատել այդ մարդիկ, թե դրանք ինչպիսի ազդեցություն են ունենալու, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ գերիների ազատման գործընթացը, այդ ուղղությամբ աշխատանքները մի փոքր այլ հունով պետք է փորձել տանել: Նախկինում գերիները ազատվել են նաև բանակցային գործընթացների ընթացքում, և մեր գնահատականով պետք է շարունակել օգտագործել այն գործիքները, որոնք մենք հիմա օգտագործում ենք»:
ԱԽ քարտուղաը հավաստիացրեց, որ բոլոր երկրների հետ էլ շփումներում այդ հարցերը բարձրացվում են:
«Բնականաբար մենք չենք աշխատում այն նույն ռեժիմով, որով աշխատել ենք արդեն, որովհետև կա ստեղծված իրավիճակ և արձագանքում եմ ստեղծված իրավիճակին: Բնականորեն մեզ բոլորիս, ինչպես Հայաստանի հանրությանը, մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հացադուլը, ինչպես նաև նրա հրապարակված նկարները, որտեղ մտահոգություններ ունենք խոշտանգումների նշանների մասին: Մենք բոլորս աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել: Մեր աշխատանքները, բնականաբար նախկին ռիթմով չէ, փոփոխություն կա»,-ասաց նա:
comment.count (0)