arm.sputniknews.ru: ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ լուռ ակցիա է անցկացվում. մասնակիցները միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում են Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջին։
Այստեղ են հավաքվել այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդում, ՀՀ արտաքին գործերի նախարարության և կառավարության շենքերի մոտ տեղի ունեցած ակցիաներին մասնակցած հասարակական-քաղաքական գործիչներն ու հասարակ քաղաքացիները։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս հարցի լուծման բանալին ՀՀ իշխանությունների ձեռքում է։
«Նաև միջազգային հանրությանը, այդ թվում` ՄԱԿ-ին ենք ուզում ցույց տալ, որ մարդիկ ևս նրանցից պահանջելիք ունեն։ Չնայած ՄԱԿ-ից ու միջազգային մյուս կառույցներից ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդու իրավունքների վրա հույս դրած մարդկանց հիասթափությունն անսահման է։ Մենք պետք է ջարդենք նաև մեր հանրության մեջ եղած անտարբերությունն այս հարցով. ինչքան հայությունը թե՛ ՀՀ-ում, թե՛ սփյուռքում լինի պահանջատեր, այնքան պատասխանատուներն ավելի ակտիվ կաշխատեն այդ ուղղությամբ»,- նշեց նա։
Ստեփանյանն ընդգծեց` այս ակցիաները չպետք է լինեն մեկ կամ մի քանի օրվա, այլ պետք է լինի շարունակական պայքար, մինչև ՀՀ իշխանությունների քաղաքականության մեջ այս հարցն ամրագրվի որպես առաջնահերթություն։
Ինչ վերաբերում է Բաքվում ընթացող շինծու դատական նիստերին, ապա Արցախի ՄԻՊ-ի խոսքով` այն, ինչ կատարվում է Բաքվում, որևէ ձևով իրավական գործընթաց անվանել հնարավոր չէ. դա քաղաքական ֆարս է, կոնկրետ մեկ անձի` Իլհամ Ալիևի վրեժխնդրության հետևանք։
«Այս ամենին հակադարձելու փոխարեն ՀՀ իշխանությունները լուռումունջ գնում են ուտոպիստական խաղաղության, որը չի լինելու»,- ընդգծեց Ստեփանյանը։
Նա ակնկալում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս ավելի ակտիվ կզբաղվի այս խնդրով։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 19-ին Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել դատավարություն կոչվող ֆարսին և հացադուլ է հայտարարում։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։
comment.count (0)