civilnet.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց հետո մարտի 4-ի երեկոյան հանդես եկավ իր առաջին պաշտոնական ելույթով Կոնգրեսում: Նրա խոսքը տևեց 1 ժամ 40 րոպե՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար նման ելույթը: Նախագահի պաշտոնում Թրամփն արդեն 44 օր է կամ մոտավորապես վեց շաբաթ:
Ելույթի սկզբում Թրամփը հայտարարեց՝ «Ամերիկան վերադարձել է»: Նրա խոսքով՝ ընթացիկ վարչակազմին ընդամենը մի քանի շաբաթում հաջողվել է հասնել նպատակների, որոնց նախկին վարչակազմերը չէին կարողացել հասնել տարիների ընթացքում:
Ելույթի ընթացքում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները բազմիցս փորձեցին արտահայտել իրենց բողոքը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը ստիպված եղավ կարգ հաստատել՝ սպառնալով դուրս հանել ելույթը խափանողներին: Երբ դեմոկրատ պատգամավոր Էլ Գրինը հրաժարվեց զբաղեցնել իր տեղը, Ջոնսոնը պահանջեց «այս ջենտլմենին դուրս հանել դահլիճից»:
Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց նամակ է ստացել, որտեղ նա հայտնում է խաղաղության բանակցությունների պատրաստակամության մասին: Նա մեջբերեց նամակից. «Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղություն հաստատելու համար: Ոչ ոք չի ցանկանում խաղաղություն ավելի շատ, քան ուկրաինացիները»:
Ըստ Թրամփի՝ Զելենսկին նաև պատրաստակամություն է հայտնել ստորագրել օգտակար հանածոների արդյունահանման համաձայնագիրը «հարմար որևէ պահի»: Թրամփը նաև նշեց, որ «լուրջ բանակցություններ է վարել Ռուսաստանի հետ և հզոր ազդանշաններ է ստացել, որ նրանք պատրաստ են խաղաղության»:
«Ես անխոնջ աշխատում եմ Ուկրաինայում դաժան հակամարտությունը դադարեցնելու համար,- ասաց Թրամփը:- Միլիոնավոր ուկրաինացիներ և ռուսներ զոհվել կամ վիրավորվել են այս սարսափելի և դաժան հակամարտությունում, որի ավարտը տեսանելի չէ: ԱՄՆ-ն հարյուրավոր միլիարդներ է ուղարկել Ուկրաինայի պաշտպանությանը աջակցելու համար»:
Նա քննադատեց Եվրոպային՝ նշելով, որ «Եվրոպան ավելի շատ գումար է ծախսել ռուսական նավթի և գազի գնման վրա, քան Ուկրաինայի պաշտպանության վրա»: Երբ Թրամփը խոսում էր Ուկրաինայի մասին, որոշ դեմոկրատներ լքեցին դահլիճը:
Միջազգային թեմաներին անդրադառնալիս՝ Թրամփը կրկին հիշատակեց Պանամայի ջրանցքը, որը խոստացել էր վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողության տակ: «Իմ վարչակազմը կվերադարձնի Պանամայի ջրանցքը, և մենք արդեն սկսել ենք դա անել», – հայտարարեց նա:
Նա հիշեցրեց երեքշաբթի հոնգկոնգյան ընկերության և ամերիկյան կոնսորցիումի միջև կնքված գործարքի մասին, որի համաձայն ամերիկացիները վերահսկողություն կստանան Պանամայի ջրանցքի շուրջ գտնվող երկու առանցքային նավահանգիստների նկատմամբ:
Թրամփը նաև դիմեց Գրենլանդիայի բնակիչներին՝ ասելով, որ եթե նրանք որոշում կայացնեն ԱՄՆ-ի կազմի մեջ մտնելու մասին, նա դա միայն կողջունի: Նրա խոսքով՝ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է միջազգային անվտանգության ապահովման համար: «Այսպես թե այնպես, մենք դրան կհասնենք»,- խորհրդավոր ավելացրեց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)