civilnet.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարի ժամանակահատվածի համար տրվող 9 միավորը դառնա 13:
Մարտի 5-ին նիստին խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։
Առաջարկվող փոփոխությամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացվելու է 13 միավոր:
Այս նախագիծը օրակարգ են մտցրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, և ՔՊ-ական պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Արմեն Խաչատրյանը։ Ըստ իշխանական պատգամավորների՝ շատ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղևորափոխադրմամբ և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների:
Արմեն Խաչատրյանը երեկվա նիստին ներկայացրեց նաև ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ 2020 թվականից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը 14.365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ:
Ըստ Խաչատրյանի՝ վարորդին մեկ տարի ժամկետով տրվող միավորների ավելացումը կթեթևացնի վարորդների սոցիալական բեռը:
Նախագիծը դեռ պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ ու ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 1-ից:
comment.count (0)