Ես գործին միջամտություն չեմ ունեցել․ Փաշինյանը՝ իր շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ դատավարության ձգձգման մասին
19:34 - 05 մարտի, 2025

Ես գործին միջամտություն չեմ ունեցել․ Փաշինյանը՝ իր շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ դատավարության ձգձգման մասին

news.am: Երեք տարի առաջ վարչապետի շարասյունը մահացու վրաերթի ենթրակեց հղի կնոջը, և երեք տարի անց մենք ունենք անընդհատ ձգձգվող դատավարություն, ունենք անհետացած ապացույցներ, ունենք մի իրավիճակ, երբ որևէ մեկը մեկ օր անգամ պատասխանատվություն չի կրել, անգամ աշխատանքից չեն ազատվել էդ մարդիկ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Այս ֆոնին Սոնա Մնացականյանի հայրը արդեն սիրտանոթային խնդիրներ ունի, վերջին նիստին հորեղբայրը կաթված է ստացել: Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե այդ ոնց է ստացվում, որ երբ հարցը վերաբերում է որևէ ՔՊ-ականի, օրինակ, ձեր ուղղությամբ խնձոր նետածին, օրինակ, Սամվել Վարդանյանին, միանգամից րոպեներ է տևում մարդկանց հայտնաբերել, սովորաբար կալանավորելը ու պատիժը: Իսկ երբ հարցը վերաբերում է այսպիսի դեպքերին, երբ պատասխանատվությունը ձեզ է վերաբերում, որևէ հետևանք դա չի ունենում: Ստանդարտների երկակիությունը, հովանավորչությունը, դատական գործերին միջամտությունը էլ ո՞նց է լինում, պոզով-պոչո՞վ է լինում»,- ասաց նա:

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ դուք հարց տալիս ասում էիք, թե մեր դեպքում դատական համակարգն լրիվ այլ կերպ է գործում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հետևից ասաց. «Էդ լո՞ւրջ եք ասում»: Որովհետև իր դեմ մահափորձի գործով մինչև այսօր որևէ մեկը դատապարտված չէ: Ես կարող եմ բերել իմ անձնական օրինակը, երբ մի շարք աղմկահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպերով իմ դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ անհասկանալի որոշումներ են կայացվել, որն ուղղակի ոչ մի մեկնաբանության չի տրվում;

Էլ չեմ ասում, որ իշխանության ներկայացուցիչները դատարաններում հայցեր է, որ պարտվում են: Գալիս ենք այստեղ՝ ասում եք՝ բռնապետություն է, մարիոնետային դատական համակարգ է, մեկ էլ լուրերը կարդում ենք, տեսնում ենք մեր խմբակցության պատգամավորը դատական գործը պարտվել է, մյուսը էլի պարտվել է: Դա ո՞նց է լինում»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով կոնկրետ գործից՝ վարչապետն ասաց, որ իր հեռախոսահամարը տվել է տուժողին և վերջին անգամ իրեն գրել է 2022-ի հունիսին:

«Հիմա դուք ինչի՞ եք ինձ ասում, դուք մի կողմից ասում եք՝ դատական համակարգը պետք է անկախ լինի, դուք ունեք որևէ հիմք, որ ես միջամտություն եմ արել գործի՞ն: Ես ասում եմ՝ բացառված է, չի կարող բնության մեջ այդպիսի հիմնավորում ու ապացույց լինել: Եթե մենք դատական միջամտություն անող լինեինք, մեր գործերով կանեինք դա:

Այն, որ իմ գործերով մարդիկ հանգիստ, ազատ իրենց համար պտտվում են, դա վկայում է այն մասին, որ ես այդ գործից հետո մի անգամ հեռախոսը չեմ վերցրել, մեկից մի բան չեմ հարցրել: Ես որևէ անգամ հեռախոսը չեմ վերցրել ու որևէ հրահանգ չեմ տվել: Լա՞վ եմ արել, թե՞ վատ: Լավ եմ արել:

Ես դատական համակարգի ներկայացուցիչներին էլ եմ ասում, որ հասկանում եմ, որ դատական համակարգը այս-այս խնդիրներն ունի, բայց ձեզ ոչ ոք փողոցում չի ասում՝ էս մեկին ինչի բռնեցիք, էն մեկին ինչի բաց թողեցիք: Հանրությունը որևէ դատավորի անունը չգիտի, այդ բոլորն ինձ են ասում, ինձ տվեք պատասխաններ, որ կարողանամ մարդկանց պատասխան տալ:

Ընդդիմությունն ասում է՝ բոլորը նստած են ձեր հրահանգով, կամ նստած չեն ձեր հրահանգով: Փողոց ենք դուրս գալիս, ասում են՝ բոլորը նստած չեն ձեր հրահանգով: Մեր հրահանգով չի:

Եկեք փոխենք կարգավորումները, տվեք ինձ պատասխանատվությունը դատական համակարգի, գամ ձեր բոլոր հարցերին պատասխանեմ»,- հայտարարեց Փաշինյանը:

Քրիստինե Վարդանյանը նկատեց, որ բռնապետության մասին պնդումները գալիս են փաստերից. «Դրանք գալիս են համացանցում հրապարակված այն ձայնագրություններից, որով դուք Արթուր Վանեցյանին, մյուս պաշտոնյաներին ուղիղ ցուցում եք տալիս կլանավորել-չկալանավորելու: Որ դուք հեռախոս եք վերցնում ու զանգում, դրա մասին վկայում է ԲԴԽ նխագահի պշտոնը զբաղեցնող մարդու հրաժարականը՝ Վոթսափով SMS ստանալուց հետո: Երկրորդը, հղի կին է մահացել, երբ որ ձեր դատական համակարգին դուր չի գալիս, այն, ինչ կատարվում է, ԲԴԽ-ն տեսանյութեր է նկարում, որ նիստերը իրենց ուզած արագությամբ չեն դնում: Էս դեպքում տեսանյութեր չեն նկարահանվել»:

Փաշինյանը կրկնեց, որ ինքն էլ է ասում, որ դատական համակարգում լավ չեն աշխատում. «Ո՞րն է ճանապարհը, գերանդին առնենք, ընկնենք սրա, նրա հետևի՞ց: Ճաապարհը բարեփոխումները շարունակելն է: Հիմա եթե ձայն տանք, Արարատ Միրզոյանը կարող է այդ նույն հարցերը բարձրանել, բայց մենք մեզ զսպում ենք, որովհետև հավասարակշռությունները պետք չի կորցնել, իշխանության բաժանման սկզբունքը, դատարանի անկախության սկզբունքը պետք է պահել: հետևաբար, ձեր հարցն ինձ ուղղված չէ»,- իր խոսքն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել