civilnet.am: Կառավարությունը որոշել է Ծաղկաձորում երեք հեկտար տարածք, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնորոշեց, «փրկել» կոմերցիոն ներդրումից և դարձնել հանրային։
Մարտի 6-ի նիստում գործադիրը որոշեց Ծաղկաձոր համայնքին նվիրաբերել Խ. Կեչառեցու փողոց 1 հասցեում գտնվող, որպես առանձին գույքային միավոր գրանցված 3,680 քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց սպասարկման համար հատկացված շուրջ երեք հեկտար մակերեսով հողամասը։ Այդ տարածքում նախատեսվում է կառուցել վարչական շենք, թատրոն, ավտոկայանատեղի և քաղաքային զբոսայգի։
Միաժամանակ, կառավարությունը համայնքից նվիրատվություն է ստանում Օրբելի Եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող անշարժ գույքը։
Կառավարության որոշման համաձայն՝ Ծաղկաձորի համայնքային վարչական շենքի կառուցումը կավարտվի մինչև 2029 թվականի ավարտը, որի համար համայնքը նախատեսում է ներդնել մեկ միլիարդ դրամ։
Վարչապետն ընդգծեց այս ներդրման կարևորությունը՝ նշելով, որ Ծաղկաձորում խնդիրներ են ի հայտ եկել:
«Այս ներդրումը շատ կարևոր եմ համարում՝ հատկապես Ծաղկաձորի հետագա զարգացման առումով, որովհետև արդեն որոշակի խնդիրներ են ի հայտ գալիս։ Նախկինում, երբ Ծաղկաձորը, ըստ էության, իր ձևի մեջ այլընտրանք չուներ, թվում էր, թե այլընտրանքային լուծումներ պետք չեն։ Մենք մի փոքր այլ աչքով էինք նայում Ծաղկաձորին։ Սակայն այժմ, երբ այլընտրանքները նոր-նոր սկսում են ի հայտ գալ, Ծաղկաձորում խնդիրներ են առաջանում։ Մասնավորապես, Եղիպատրուշ-Ապարան խոշորացված համայնքում կառուցվող լեռնադահուկային գոտին, որը ժամանակակից ներդրում է, արդեն ակնհայտ դարձրել է այս խնդիրները»,– ասաց վարչապետը։
comment.count (0)