armenpress.am: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը վերահաստատել են, որ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։
«Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»,- համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման հարցերը։
«Նշվել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում»,-հավելեց ՀՀ ԱԳ նախարարը՝ ընդգծելով նախագծի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի զարգացման համար։
Նա նաև նշեց, որ կիբեռդիմակայունությունը և հիբրիդային սպառնալիքների չեզոքացումը ժամանակակից մարտահրավերների շրջանակում դառնում է ռազմավարական գործընկերության էական բաղադրիչ։
«Սա, իհարկե, Հայաստանի և Նիդեռլանդների միջև երկկողմ օրակարգի թեմա չէ, ավելի ընդգրկուն է և վերաբերվում է Հայաստան և ԵՄ համագործակցությանը և երկխոսությանը»,-ընդգծեց Միրզոյանը։
comment.count (0)