azatutyun.am: Հութիների կողմից իրականացված հարյուրավոր հարձակումները ստեղծվել են Իրանի կողմից, պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հութիների կողմից արձակված ցանկացած կրակոց այս պահից կդիտարկվի որպես Իրանի ղեկավարության կողմից և Իրանի զենքից արձակված։ Եվ Իրանն է պատասխանատվությունն ու հետևանքները կրելու, որոնք սարսափելի կլինեն», - իր Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։
Անցած շաբաթ օրը Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Եմենում հութի զինյալների դեմ և զգուշացրել Իրանին՝ անհապաղ դադարեցնել աջակցությունը Վաշինգտոնի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորմանը։ Թրամփը հութիներին որակել էր «Իրանի կողմից ֆինանսավորվող հրոսակներ»։
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հերքել է Միացյալ Նահանգների պնդումը Եմենի կողմից որոշումների ընդունման և պետական քաղաքականության մեջ Թեհրանի ներգրավվածության մասին։
comment.count (0)