«Անկախ դիտորդը» այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը: Այս մասին ֆեյբուքյան իր էջում հայտնել է Դանիել Իոաննիսյանը։
«Մասնավորապես, համարում ենք, որ դրանում առկա են Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն հարկադրելը, որը զուգորդվել է սպառնալիքով կամ կախվածությունն օգտագործելով):
Հոդվածը նախատեսում է 4-ից 8 տարվա ազատազրկում, բայց շատ կարևոր է, որ իրավապահ մարմինները արդյունավետ կերպով աշխատեն շուկայի աշխատողների/վաճառողների հետ և ստանան եղելիության ամբողջ պատկերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնել են, որ դատախազությունը ուսումնասիրում է մամուլում տեղ գտած հրապարակումները Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ: Դատախազությունից այլ մանրամասներչեն հայտնել:
Նշենք, որ համացանցում 28 վայրկյան տևողությամբ ձայնագրություն է տարածվում, որը ներկայացվում է որպես Ղուկասյանի հեռախոսազրույց անհայտ մի անձի հետ. Ղուկասյան - «Երկար խանութների, դոմիկների մոտից հատ-հատ պայմանավորվի, որ իրիկվա կողմ գան մոտս»։ Զրուցակիցը պատասխանում է, որ «6 անց կես բոլորին հավաքվին, կառնիմ կուգամ»։ Ղուկասյան - «Ասա՝ [հայհոյանք], էդ սաղ ինքն է ձեզի տվել, հիմի, որ ձեր տները կպահենք էդ ինքն է ձեզի տվել, [հայհոյանք]»։
Factor TV-ի հետ զրույցում Գյումրիի համայնքապետի թեկնածուն ասել է․ «Հիմի իրանք ինչ ասես կարան տարածեն, մարդու ձենով ինչ ասես կարան սարքեն, բանի տեղ չենք դնում մենք էդպիսի բաները»։ Լրատվամիջոցի ճշտող հարցին՝ այսինքն ինքը՞ չի խոսող անձը, Ղուկասյանը պատասխանել է. «Հավանական է, որ ես չլինեմ միանշանակ։ Իմ ձայնը եթե գիտեն, իմ ձայնով ինչ ասես կարան սարքեն, արհեստական, ո՞նց է կոչվում դա, բանականություն է, չգիտեմ ինչ է։ Վոբշեմ, դրանք եղած-չեղած իմ համար հաշիվ չի, անցանք գնացինք»,- ասաց Ղուկասյանը և հեռախոսն անջատեց։
comment.count (0)