Փորձում են կոնֆլիկտ ստեղծել, հունից հանել, որ իմ թեկնածությունը վիճարկեն, ես սովոր եմ. Մարտուն Գրիգորյան |news.am|
19:08 - 30 մարտի, 2025

Փորձում են կոնֆլիկտ ստեղծել, հունից հանել, որ իմ թեկնածությունը վիճարկեն, ես սովոր եմ. Մարտուն Գրիգորյան |news.am|

news.am: Բոլորիդ աչքի առաջ է, այն, ինչ կատարվում է Գյումրի քաղաքում, ժողովրդավարական բաստիոնում ազատ-արդար թափանցիկ ընտրություններ են տանում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:

«Այս ամենը, ինչը արվում է մեծամասամբ մեր դեմ, տարբեր տեսակի լուրեր ենք ստանում, մարդիկ գալիս են մեր գրասենյակ, զանգահարում են, դժգոհում են, որ տեղամասերում հանձնաժողովականները քվեաթերթիկները տալուց 8-րդ համարի քվեաթերթիկը չեն տալիս: Ես կոչ եմ անում հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց, ժողովուրդ ջան, ուշադիր եղեք, որ բոլոր քվեաթերթիկները մարդկանց տրվեն, քանի որ քաղաքացիներ կան, որ նաև կարող են տեղում կողմնորոշվել, թե ում ընտրել: Ես գտնում եմ, որ այստեղ ես կոնկրետ շատ լուրջ տուժում եմ այս առումով։

Երկրորդը, ավագանու անդամության մեր թեկնածուների, «Մեր քաղաքը» դաշինքի, իմ թիմակիցներին մեքենաներն են կանգնեցվում, կա՛մ վարորդներով, կա՛մ առանց վարորդների՝ մեքենաները տանում են մեզ համար անհայտ ուղղությամբ: Մենք ամբողջ ընտրական պրոցեսները թողել ենք, մեր թիմակիցների, աջակիցների, ավագանու թեկնածուների հետ զբաղված ենք, որ կարողանան պահպանել հանդարտությունը, հանգիստ լինեն, պրովոկացիաների չգնան, քանի որ դուք տեսնում եք՝ ամեն րոպե, արդեն քանի օր է նյարդի վրա են խաղում:

Ես հասկանում եմ, որ ուզում են հիմքեր ունենալ, որ կարողանան իմ թեկնածության հարցը վիճարկել, որպեսզի կարողանան այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ արդյունքները ժամը 8-ից հետո հրապարակելուց հետո իրենք անելիք կամ ասելիք ունենան։ Մենք պահպանելու ենք հանգստությունը, սա ինձ համար նոր կարգավիճակ չէ, ընտրություններին նմանատիպ բաների միջով անցնելը: Ես սովոր եմ, հնարավորինս մաքսիմալ հավասարակշռվածությունը պահել եմ, զսպվածությունը պահել եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ որ իմ հորը և տղային ձերբակալեցին, տարան: Այդ նույն սառնասրտությամբ գնացի դատարան, իմ տղային ու հորը այնտեղից ազատեցին»,- հայտարարեց Մարտուն Գրիգորյանը:

Նա նշեց, որ այս պահին ունի տեղեկություն, որ որոշակի բաներ կան պլանավորված ու փորձում են անել իր և իր թիմակիցների դեմ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Անահիտ Խալաթյանին և ևս մեկ կնոջ ձերբակալել են հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել