Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր․«Ականատես» դիտորդական նախաձեռնություն
17:55 - 31 մարտի, 2025

Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր․«Ականատես» դիտորդական նախաձեռնություն

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընթացել է մրցակցային պայմաններում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ականատես» դիտորդական նախաձեռնություն՝ հիշեցնելով, որ ընտրություններին մասնակցել է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և կուսակցությունների 3 դաշինք, որոնցում ընգրկված է եղել 7 կուսակցություն։  

Առաքելությունը ներկայացրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքները․ 

Քարոզչություն

Քաղաքական ուժերն ընդհանուր առմամբ հնարավորություն ունեցել են իրականացնելու քարոզչություն և ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը։ Միաժամանակ՝ քարոզչական նյութերի տարածման հնարավորությունները եղել են անհամաչափ տարբեր կուսակցությունների համար, ինչը որոշ չափով խաթարել է մրցակցությունը։ Մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից գործարկվող՝ 5 քմ-ն գերազանցող վահանակների տեղաբաշխման համակարգի միջոցով մեկ քաղաքական ուժ՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը զրկվել է վահանակ ունենալու հնարավորությունից, ընդ որում տվյալ խնդրին պատշաճ և ժամանակին լուծում չի տրվել ԿԸՀ-ի կողմից, չնայած որ վերջինիս պարտավորությունն է հետևել հավասարության պայմանների պահպանմանը։

5 քմ-ն չգերազանցող պաստառները հաճախ տարածվել են օրենքի պահանջների խախտմամբ․ փակցվել են չսահմանված կամ արգելված վայրերում (բազմաբնակարան շենքեր, լուսասյուներ, առևտրի կետեր, այլ հասարակական տարածքներ), չեն պարունակել օրենքով պահանջվող մակնշում (տեղեկատվություն տպաքանակի, տպարանի, պատվիրատուի վերաբերյալ), գերկենտրոնացած են եղել մեկ վայրում, ինչը խոչընդոտել է այլ ուժերի ներկայացվածությունը տվյալ տարածքում,  ասոցացվող են եղել (պատրաստվել ու տարածվել են քաղաքական ուժերի հետ ասոցացվող երրորդ անձանց կողմից)՝ անհնարին դարձնելով քարոզչանյութերի համար կատարվող ծախսերի վերահսկողությունը:

Որոշ քարոզչանյութեր վնասվել են «Սրբազան պայքար» շարժման կողմից՝ վերջինիս «Չեմ վստահում» նախաձեռնության՝ Գյումրի կատարած այցի ընթացքում։ Նաև եղել են անանուն քարոզչանյութեր, որոնք ատելության խոսք են պարունակել «Մայր Հայաստան» դաշինքի առաջին համար Կարեն Սիմոնյանի և եվրոպամետ քաղաքականության վերաբերյալ։

Նախընտրական քարոզարշավի ընթացում տարբեր քաղաքական ուժեր, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Հայաստանի կոմունիստական կուսակցության, «Իմ հզոր համայնք» կուսակցության, «Մայր Հայաստան» դաշինքի, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ներկայացուցիչները օգտագործել են ատելության խոսք՝ ակնհայտորեն միտում ունենալով նսեմացնել առանձին անհատների և խմբերի դիրքը հասարակության մեջ։ Ատելության խոսույթը տարածվել է նաև երրորդ անձանց՝ քաղաքական ուժերին փոխկապակցված լրատվամիջոցների և սոցիալական էջերի միջոցով, որոնցից որոշները ծախսել են բավականին մեծ գումար նման բովանդակությամբ քաղաքական գովազդների տարածման համար։ 

Նախընտրական ժամանակահատվածում տեղի են ունեցել նաև խախտումներ ընտրական գործընթացներում ներգրավված այլ անձանց՝ զանգվածային լրատվամիջոցի (ԶԼՄ), կրոնական կազմակերպության ներկայացուցչի, օտարերկրյա քաղաքացու կողմից։ Մասնավորապես՝ Civic.am լրատվական կայքը  հրապարակել կամ վերահրապարակել է ընտրություններին մասնակցող թեկնածուների վարկանիշային արդյունքներ՝ հիմնված սոցիոլոգիական անհայտ հարցման արդյունքների վրա, չնայած, որ ընտրական օրենսդրության համաձայն հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր էր նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին։ Տվյալ դեպքում լրատվականը չի մասնավորեցրել, թե ով է հարցումն իրականացնող կազմակերպությունը, որին վերաբերելի են այս պահանջները։

Նախընտրական քարոզչության մեջ ապօրինի կերպով ներգրավվել է կրոնական առաջնորդ, մասնավորապես՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ներկայացուցիչներ, որոնք հայտարարել են, որ իրենք սատարելու են «Մայր Հայաստանին»։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ դիտորդական առաքելությունները, դրանցում ներգրավված կազմակերպությունները և հավատարմագրված դիտորդները չեն պահպանել քաղաքական չեզոքության կանոնները և նախընտրական քարոզչության ժամանակատվածում իրականացրել են հակաքարոզչություն։

Գրանցվել է լռության օրվա խախտում մասնակիցների մեծ մասի և վերջիններիս հետ փոխկապակցված ԶԼՄ-ների կողմից, և անգամ Հանրային հեռուստաընկերության կողմից։    

Վարչական ռեսուրսի օգտագործում

Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր, որոնք անարդար առավելություն են տվել իշխող կուսակցությանը և թեկնածուներին՝ խաթարելով մրցակցության հավասարության սկզբունքը։ Մասնավորապես, օգտագործվել են ՀՀ կառավարության և Գյումրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների մարդկային, ֆինանսական, նյութական, ոչ նյութական (այդ թվում՝ իրավական և տեղեկատվական) ռեսուրսները։ Հանրային միջոցներով կատարվել են աշխատանքներ, որոնք ենթադրաբար պետք է կատարվեին ավելի վաղ ժամանակահատվածում, սակայն դրանք արվել և լուսաբանվել են հենց ընտրությունների նախաշեմին՝ հատուկ շեշտադրելով ՀՀ կառավարության աջակցությունը և/կամ մատուցելով դրանք որպես «Քաղաքացիական պայմանագիր»-ի արժանիք։

Այսպես, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար, Գյումրու համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի խնդրանքով նախաձեռնել է Գյումրու Շիրակացու փողոցի հիմնանորոգումը, այն դեպքում, երբ դրա վերաբերյալ խնդրանք ներկայացվել էր ավելի վաղ Գյումրու ավագանու կողմից, ինչը մնացել էր անարձագանք։ ՀՀ առողջապահության նախարարությունը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանին հատկացրել է 6 շտապօգնության մեքենա, որոնք ստացվել են Կորեայից՝ որպես նվիրատվություն։ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը 2025 թվականի փետրվարին գրավոր դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ստացել Երևանի քաղաքապետարանի աջակցությունը՝ Գյումրի համայնքի վարչական տարածքում թափառող շների ստերջացման գործընթացի կազմակերպման հարցում:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում և ընտրական գործընթացների համատեքստում տեղ են գտել իրավապահ համակարգի ոչ համաչափ միջամտության փորձեր որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ, քրեական վարույթների շրջանակում առկա փաստերի, ձայնագրությունների արտահոսք՝ այդ թվում իշխանության հետ փոխկապակցված ԶԼՄ-ների միջոցով։ Որոշ դեպքերում առկա չէ բավարար տեղեկություն և հստակություն իրականացվող իրավապահ մարմինների գործողությունների և դրանց հիմքերի վերաբերյալ։

Հանրային հեռուստատեսությունը կողմնակալությամբ է լուսաբանել Գյումրիում տեղի ունեցող նախընտրական զարգացումները։ Մասնավորապես մինչև նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը «Լուրեր»-ի թողարկման և «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում հաճախակի լուսաբանվել են իշխանության ներկայացուցիչների ելույթները, մեջբերումներ սոցիալական ցանցերում նրանց կողմից կատարված գրառումներից, ընդդիմադիր ուժերի վերաբերյալ հակաքարոզչություն։ Ի լրումն, «Լուրեր»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում առկա են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Սարիկ Մինասյանի մասին բազմաթիվ լուսաբանումներ, մինչդեռ ընդդիմադիր թեկնածուների մասին՝ առկա չեն։

Քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկություն

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերի նախընտրական հիմնադրամների նվիրատվություններում և թեկնածուների գույքի և եկամուտի հայտարագրերում առկա են խնդիրներ։

Մի քանի ուժերի նախընտրական հիմնադրամները ձևավորվել են բացառապես թեկնածուների նվիրատվությունների միջոցով, սակայն նրանց կողմից մուծված գումարները չեն համապատասխանում իրենց եկամուտներին, հատկապես որ նրանցից շատերը չունեն զբաղվածություն։ Այսպիսի խնդիր մասնավորապես արձանագրվել է հիմնականում «Մայր Հայաստան» դաշինքի  և հատվածային՝ այլ ուժերի պարագայում։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը,  «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Մեր քաղաքը» դաշինքը օգտագործում են շտաբային տարածքներ, սակայն հիմնադրամների հայտարագրերում՝ կամ ամբողջովին, կամ մասամբ բացակայում են շտաբային տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Հայտարարագրերում ներառված չեն նաև սոցիալական ցանցերում գովազդների վրա ծախսված գումարները, որոնք փոքր չեն։

«Եվրադաշինք» դաշինքի նախընտրական հիմնադրամի հայտարարագրում կարելի է տեսնել մի քանի նվիրատվություններ, որոնք նախատեսված չեն օրենքով, մասնավորապես իրավաբանական անձից են կամ՝ անանուն։  

Հաշվի առնելով, որ այս ընտրությունների համար կուսակցության նվիրատուների տվյալները հանրայնացվելու են միայն հաջորդ տարի, ընտրողը հնարավորություն չունի պարզելու թե ինչ աղբյուրներից են ձևավորվել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական հիմնադրամի միջոցները, որոնք գոյացել են բացառապես կուսակցությունների կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել