Նամակների փոխանակումից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն անցկացվել. Իրանի արտգործնախարար |1lurer.am|
09:22 - 07 ապրիլի, 2025

Նամակների փոխանակումից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն անցկացվել. Իրանի արտգործնախարար |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս բանակցություններ չեն վարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատասխան է ստացել նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։

«Մենք արտահայտել ենք մեր տեսակետը, ուստի հավատարիմ ենք դիվանագիտությանը և բանակցությունների ուղուն, բայց միայն անուղղակի։ Իհարկե, անհրաժեշտ է ընդունել, որ մինչ օրս ոչ մի բանակցային փուլ չի անցկացվել»,- ասել է նա Իրանի խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Արաղչիի խոսքով՝ Միացյալ Նահանգները «միայն կարող է երազել» Իրանի հետ գործարք կնքելու մասին, ինչպիսին Լիբիայի հետ էր կնքվել 2003 թվականին:

Այն ժամանակ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆին հրաժարվել էր զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու գաղափարից, և երկրում սկսվել էր ապառազմականացման գործընթացը:

Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ անցկացնելու առաջարկով։

Թեհրանը հրաժարվել էր Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն հնարավոր էր համարել բանակցությունները շարունակել միջնորդների միջոցով։

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը ավելի ուշ հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը գործողությունների «այլ տարբերակներ» կկիրառի, եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել