ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների վերաբերյալ |armenpress.am|
21:13 - 09 ապրիլի, 2025

ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին, մանրամասներ ներկայացնելով Հայաստանի զինված ուժերի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև անցկացվող համատեղ զորավարժության մասին, նշել է, որ դրանք խաղաղ բնույթ են կրում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ 

«Խաղաղ վարժանքները երկու օր կանցկացվեն սահմանամերձ Նորդուզ շրջանում: Երկու երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի սահմանային տարածքներին որևէ վտանգ չկա, և, համապատասխանաբար, այդ զորավարժությունների անվանումը «Խաղաղություն» է»,-հայտնել է Վալիոլլահ Մանին։ 

Նա հայտարարել է, որ զորավարժությունների անցկացման հիմնական նպատակը սահմանային անվտանգության ամրապնդումն է։ 

«Երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով տարածաշրջանի խոցելի դիրքը։ Մենք հույս ունենք, որ խաղաղ զորավարժությունները կանցկացվեն սահմանված նպատակներին համապատասխան և ժամանակին»,-նշել է Վալիոլլահ Մանին։

Ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկացել էինք, որ երկու երկրների զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ն անցկացնելու են համատեղ զորավարժություն: 

«Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ»,-նշել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել