shantnews.am: Կառավարության որոշմամբ՝ Օմանի Սուլթանությունում (նստավայրը՝ Մասկատ) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի:
Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից:
«Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, օմանական կողմը դրական է արձագանքել՝ նշելով, որ նման դեպքերում սովորաբար կիրառվում է փոխադարձության սկզբունք։
Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը:
Օմանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնումը կնպաստի երկու երկրների քաղաքացիների և հասարակությունների միջև փոխճանաչելիության աճին, խթան կհանդիսանա Հայաստանի և Արևելյան Աֆրիկայի ու Հնդկական օվկիանոսի մի շարք երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ հիմք ընդունելով այդ երկրների և Օմանի միջև առկա պատմական և մշակութային կապերը»,-նշված է տեքստում։
comment.count (0)