civilnet.am: Մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքից հետո նրանց դեմ ատելության արշավ է սկսվել։ Ապրիլի 1-ից կրճատվել է Արցախից տեղահանվածներին կառավարության աջակցությունը և շահառուների թիվը։ Աջակցությունը շարունակելու ապաքաղաքական պահանջին հետևեց նրանց դեմ ատելության լայն արշավը, որին անմասն չեն բարձրաստիճան պաշտոնյաներ, իշխանամերձ լրատվականներ ու գործիչներ։
Տարատեսակ վիրավորանքներ, թիրախավորում և ատելության խոսք կարելի է տեսնել սոցցանցերում ինչպես առանձին օգտատետերի գրառումներում և մեկնաբանություններում, այնպես էլ պաշտոնյաների հայտարարություններում և լրատվամիջոցներում։
Ամենացցուն օրինակը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառումն էր. «Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին»։
Ո՞վ է կազմակերպում քարոզչական այս արշավը և ի»նչ նպատակով են տարածվում այս պատումները։ ՍիվիլՆեթի զրուցակիցները հիմնականում համակարծիք են՝ արշավն ուղղորդում է իշխանությունը՝ քաղաքական նպատակներով։
«Ամեն անգամ, երբ ներքաղաքական բնույթի խնդիրներ են առաջանում, իշխանությունները փորձում են այդ բաժանարար, պառակտիչ նարատիվները դաշտ մտցնել։ Եվ սա ակնհայտ էր 2023-ի սեպտեմբերի բռնագաղթի ժամանակ, երբ մարդիկ դեռ Լեռնային Ղարաբաղում էին։ Այդ ժամանակ արդեն իշխանական քարոզչական մեդիան ինչ-որ կեղծ պատմություններ էր տարածում, ատելության քարոզ անում։ Ինձ համար առնվազն այդ պահից պարզ էր, որ ներքաղաքական տարբեր սրացումների դեպքում այս գործիքը օգտագործվում է»,- ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, որի ընտանիքը ևս Արցախից բռնի տեղահանված է։
Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանի կարծիքով՝ գործող իշխանության ներկայացուցիչները կամ նրանց աջակիցները արցախցիներին փորձում են ներկայացնել որպես երկրի կայունությանը և զարգացմանը խանգարող գործոն և առնվազն որոշակի վարքագիծ են ակնկալում արցախցիներից՝ հավաքական իմաստով։
Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասում է, որ իրենց դիտարկումները վկայում են տեղահանված արցախցիներին արցախյան ծագմամբ Հայաստանի նախկին նախագահներին կապելու քարոզչության մասին։ «Եթե արցախցի ես, ուրեմն նրանց կողմնակիցն ու հետևորդն ես»,- նշում է Ստեփանյանը արցախցիների դեմ իրականացվող արշավի պատումների մասին։
Հակոբ Կարապետյանը շեշտում է իշխանության կողմից կիրառվող քաղաքական մի գործիքի մասին, այն է՝ ձևավորել «խանգարող օտարի» կերպար՝ հասարակությունը միավորելու և իշխանության շուրջ համախմբելու համար։
«Պատահական չէ, որ արցախցիներին վերագրվում են կապեր օտարերկրյա ուժերի, մասնավորապես Ռուսաստանի հետ։ Նրանց ներկայացնում են որպես կամակատարներ, որպես տպավորության տակ ընկնողներ։ Բայց 120,000 պայմանական արցախցին չի կարող նույն կերպ մտածել, նույն քաղաքական կարծիքի լինել»,- հավելում է Կարապետյանը։ Ըստ նրա՝ հենց այս կերպարի դեմ պետք է պայքարի ժողովրդավարական արժեքներ դավանող «ազնիվ հայաստանցին»։
Վերը նշվածի վառ ապացույցն են իշխանական, մերձիշխանական լրատվամիջոցներում վերջին օրերին հրապարակված նյութերը։ Օրինակ՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը պատկանող Civic.am կայքը անանուն հոդված էր հրապարակել «Ղարաբաղյան կլանն անցել է Հայաստանի պետականության ոչնչացման պլան Բ-ին»– վերնագրով։ Հոդվածում սոցիալական խնդիրների լուծման պահանջով արցախիների բողոքին ի պատասխան այս կայքը գրել է, թե արցախցիները թող «ականջներին օղ անեն, որ սա իրենց ավտորիտար Ղարաբաղը չէ՝ ֆեոդալ Բակոներով, Արայիկներով, դաշնակ Իշխանյանով»։
Այսօրինակ հոդվածների և հարձակումների պակաս չկա նաև մերձիշխանական այլ լրատվամիջոցներում, այդ թվում՝ վարչապետի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ օրաթերթում։
Ատելության արշավի խնդրին անդրադարձել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը՝ խտրականության և ատելության խոսքի տարատեսակ դրսևորումները համարելով «խիստ անթույլատրելի»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)