«Զարգացնել գիտությամբ» կարգախոսով Հայաստան է վերադառնում տարվա ամենասպասված գիտական, տեխնոլոգիական և ստեղծարար իրադարձությունը՝ ամենամյա համազգային «Գիտության շաբաթը», որը 2025 թվականին կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը։
«Այս տարի ևս Գիտության շաբաթը կդառնա գիտության, տեխնոլոգիաների և ստեղծարարության իսկական տոն, որի ընթացքում կծնվեն նոր գաղափարներ, կառաջանան նոր միջգիտակարգային ձևաչափեր, կձևավորվեն համագործակցության նոր ուղղություններ։ Գիտության շաբաթն ընդգրկելու է հանրային լաբորատորիաներ, բաց դասախոսություններ, փորձարարական գոտիներ, մասնագիտական կողմնորոշման հարթակներ, մանկական գիտական խաղեր, գիտության ու արվեստի հանդիպումներ, ինչպես նաև գիտական ֆանտաստիկային նվիրված միջոցառումներ։
Հիշեցնենք, որ առաջին «Գիտության շաբաթը» կայացավ 2024 թվականին։ Այն նախաձեռնել էր «Գիտուժ»-ը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Գիտության շաբաթը նպատակ ունի ոչ միայն դառնալ սիրված, ամեն տարի սպասված միջոցառում և գիտության հանրայնացման կարևոր հարթակ, այլև ցույց տալ ու բացատրել, որ գիտությունը և տեխնոլոգիաները կարող են ու պետք է դառնան Հայաստանի զարգացման հենասյուներից մեկը։
2024 թվականի արդյունքները․
- Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 20 000 այցելու,
- Գրանցվել է 192 դպրոց և մանկապարտեզ,
- Իրենց աշխատանքները ներկայացրել են 38 համալսարան, գիտական ինստիտուտ, կրթական և տեխնոլոգիական ընկերություն։
«Գիտության շաբաթ Հայաստան 2025»-ը պատրաստվում է լինել ավելի մեծ՝ թե՛ իր ընդգրկմամբ, թե՛ մասնակիցների ներգրավվածությամբ, թե՛ միջազգային ներկայությամբ։ Շուտով կհայտարարենք միջոցառման մանրամասները, ինչպես նաև կկիսվենք մասնակիցների, աջակիցների և համակազմակերպիչների մասին տեղեկատվությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)