Քննարկվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում անչափահասների կամավոր թեստավորում ներդնելու հարցը |armenpress.am|
11:52 - 16 ապրիլի, 2025

Քննարկվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում անչափահասների կամավոր թեստավորում ներդնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության շրջանակում քննարկում է անչափահասների կամավոր թեստավորման ներդրման հնարավորությունը։

Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկումների ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարը նշեց, որ շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում ընդգծվել է թմրամիջոցների տարածման կանխարգելման ուղղությամբ նոր ռազմավարության մշակման և կառավարության որոշմամբ դրա հաստատման անհրաժեշտությունը։

«Մենք այն համոզմանն ենք, որ անչափահասներին նմանատիպ բացասական հակվածությունից զերծ պահելը չափազանց կարևոր է հետագայում ավելի դրական արդյունքներ արձանագրելու տեսանկյունից։ Եվ հենց այս տարիքում կոնկրետ մեխանիզմների նախատեսումը շատ կարևոր է»,-ասաց Սարգսյանը։ 

Նախարարի խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ թե՛ պարտադիր, թե՛ կամավոր թեստավորման համակարգերն ունեն իրենց դրական և բացասական կողմերը։

«Բայց պարտադիր թեստավորման տրամաբանությունն ինձ մոտ առնվազն այն զգացողությունն է առաջացնում, որ մենք վստահ ենք, թե Հայաստանի բոլոր անչափահասները ներգրավված են թմրամիջոցների շրջանառության մեջ, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ շուրջ 10 անչափահաս են հաշվառված կամ ներգրավված համապատասխան քրեական գործերում»,-ընդգծեց նախարարը։

Նա հավելեց, որ ավելի նպատակահարմար է շարժվել կամավոր թեստավորման տրամաբանությամբ՝ ստեղծելով միասնական համակարգ, որտեղ ծնողները հնարավորություն կունենան գրանցել իրենց համաձայնությունը երեխաների թեստավորման վերաբերյալ։ 

«Պետք է սկսենք ինչ-որ մի կետից, բայց այդ կետը պետք է լինի այնպիսին, որ բացասական հետևանքները չլինեն շատ, և մենք հասնենք մեր նպատակին՝ ճիշտ ճանապարհով», -եզրափակեց Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել