Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր. ՀՅԴ
15:50 - 13 սեպտեմբերի, 2019

Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր. ՀՅԴ

ՀՅ Դաշնակցության շրջակա միջավայրի մասնագիտական ոլորտային հանձնախմբի տեսակետը

Ներածական

Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիս-արևմտյան ճյուղավորումների ջրբաժանի հատվածում:


2014թ.-ին ՀՀ կառավարության կողմից Լիդիան Արմենիա ՓԲԸ-ին (այսուհետև՝ Լիդիան) տրվել է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքը և շինարարության համար բնապահպանական թույլատվությունը:


2015թ.-ին Լիդիանը հրապարակել է Ամուլսարի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը, իսկ դրա թարմացված տարբերակը՝ 2016թ.-ին: 2016 թվականի ապրիլի 29-ին Ամուլսարի ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննությունն ստացել է դրական եզրակացություն:


Հանքավայրից մետաղների կորզումը նախատեսված է իրականացնել կույտային տարրալվացման եղանակով, ինչն առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում: Ըստ Լիդիանի ներկայացրած ծրագրի՝ հանքի շահագործման 11 տարիների ընթացքում նախատեսվում է արդյունահանել մոտ 2,6 մլրդ. ԱՄՆ դոլարի ոսկի: Առաջին երկու տարիների ընթացքում նախատեսվել է կատարել շուրջ 426 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Հանքի շահագործման ողջ ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերի ու ռոյալթիների միջոցով ընդհանուր մուտքերը կկազմեն մոտ 635 մլն. ԱՄՆ դոլար: Ծրագրի շինարարական փուլում մոտավորապես 1300 մարդ կապահովվի աշխատանքով, իսկ շահագործման փուլում՝ 770 մարդ:


Կանխատեսվում է, որ հանքի շահագործման գումարային ազդեցությունը ՀՆԱ-ում միջինը կկազմի մոտ 185 մլն. ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 1,4%: Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի արդյունքում տարեկան միջին արտահանումը կկազմի Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 6.5%-ը:
Ծրագրի վերաբերյալ տարակարծությունները

Թեև Լիդիանը պարտավորվել է կառուցել և շահագործել Ամուլսարի հանքը հանքարդյունաբերության լավագույն փորձին համապատասխան, որի ներքո նախագծել և ձևավորել է Հայաստանում նախադեպը չունեցող մետաղական հանքարդյունահաման ծրագիր, այնուամենայնիվ մասնագիտական և հանրային (այդ թվում՝ բնապահպանական) շրջանակներում բացակայում է միակարծությունը հանքի շահագործման թույլատրելիության վերաբերյալ:
Մտահոգությունների հիմքում ընկած է հանքավայրի շահագործման արդյունքում առաջանալիք ռիսկերի անկառավարելիությունը: Խնդիրն առավել է բարդանում պայմանավորված Ամուլսարի աշխարհագրական դիրքով և կենսական նշանակություն ունեցող ջրային պաշարների ձևավորման առումով: Այն պահանջում է գիտականորեն գերճշգրիտ հիմնավորում և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված անկախ և օբյեկտիվ փորձաքննություն:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, բազմամետաղ հանքավայրի շահագործման թույլտվությունը երկարատև և բազմամակարդակ գործընթաց է՝ այնուամենայնիվ ներկա պայմաններում սուր հարցադրումները վերաբերում են ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցությանը:
Թեև, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորություն չունենալու պայմաններում, Լիդիանը նախաձեռնել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ, սակայն դա ևս հանքավայրի անվտանգ շահագործման նպատակահարմարության հարցում բավարար համոզվածություն չի ձևավորել: Վերջինս պայմանավորված է մի կողմից այն հանգամանքով, որ ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հետազոտությունների, ուսումնասիրման ու գնահատման համար միջազգային փորձագետները ընտրվել և վճարվել են Լիդիանի կողմից: Մյուս կողմից ՀՀ կառավարությունը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, չի ունեցել (և չունի) օրենսդրական պարտավորություն և ֆինանսական հնարավորություն՝ ներկայացված ՇՄԱԳ-ի անկախ միջազգային փորձաքննություն իրականացնելու համար: Որպես հետևանք, տեղական և միջազգային փորձագիտական որոշ շրջանակներ առարկում են անվտանգ շահագործման վերաբերյալ Լիդիանի հավաստիացումներին:
Բնապահպանական միավորումները՝ ներգրավելով հասարակության առավել լայն շրջանակների, կազմակերպեցին Ամուլսարի ճանապարհների շրջափակումը, որի արդյունքում խնդրի բնապահպանական ու տնտեսական բաղադրիչներին ավելացավ նաև քաղաքականը:
Հենվելով վերջինիս վրա և ձևավորելով հանրային մեծ սպասելիքներ, օրվա քաղաքական իշխանությունը անբացատրելի կերպով երկարացրեց հարցի հանգուցալուծումը, կոռուպցիոն հնարավոր չարաշահումների պատճառաբանությամբ նախաձեռնեց քրեական գործի հարուցում, միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների միջոցով (Elard և TRC, այսուհետև՝ ԷԼԱՐԴ) անկախ փորձաքննություն իրականացնելու նպատակով պետական բյուջեից հատկացրեց 400 000 ԱՄՆ դոլար: Արդյունքում, հանքավայրի շահագործման թույլատրելիության հարցում մասնագիտական հանրույթը այդպես էլ չի ձևավորել միակարծություն, իսկ հանրության լայն շրջանակները լսում են իշխանության անընդհատ փոփոխվող տեսակետները, ինչն իր հերթին ազդում երկրի միջազգային հեղինակությունը վրա:
Այս ամենը սակայն չի կարող շարունակական լինել, գերակտիվացված քաղաքական բաղադրիչը իր տեղը պետք է զիջի կշռադատված, մասնագիտորեն հիմնավորված և հասարակության ճնշող մեծամասնության կողմից ընդունելի որոշմանը: Նշված ընթացքն ապահովելու համար չափազանց կարևոր է մասնագիտական մոտեցումների հստակեցումը, տնտեսական, բնապահպանական և սոցիալական հավասարակշռված տեսակետների ամբողջացումը և ի վերջո՝ համապետական հանրաքվեի միջոցով Ամուլսարի վերաբերյալ վերջական որոշման կայացումը:
Ծրագրի մասնագիտական մտահոգությունները

Վերը նշվածի ներքո սկզբունքային նշանակություն են ստանում տեղական ու համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների կողմից բարձրացված հարցադրումները, որոնք ընդհանուր առմամբ իրենց արտացոլումն են ստացել փաստաթղթային աուդիտ իրականացրած ԷԼԱՐԴ-ի եզրակացությունում (զեկույցում):
ՀՅԴ շրջակա միջավայրի մասնագիտական ոլորտային հանձնախումբը՝ ուսումնասիրելով և վերլուծելով ԷԼԱՐԴ-ի զեկույցը, արձանագրում է, որ այն անդրադառնում է չորս ոլորտների՝ ջրային ռեսուրսներ, երկրաբանություն, կենսաբազմազանություն և օդի որակ: Զեկույցում նշվում է, որ Լիդիանը բավարար կերպով ներկայացրել է կենսաբազմազանությանը վերաբերող հարցեր, բայց կարող էին բարելավել դրանք, եթե ներառվեին լրացուցիչ տեղեկություններ, օրինակ՝ քարտեզներ:
ԷԼԱՐԴ-ը քննադատում է օդի որակի գնահատման համար Raduga մոդելի օգտագործումը: Նրանք եզրակացնում են, որ այս հին մոդելը համարժեք չէ Ամուլսարի նման նախագծին: Զեկույցում նաև բացահայտվում են ոսկու հանքի շահագործման ժամանակ արտանետվող փոշու մանր մասնիկների և որոշակի գազերի ազդեցության գնահատման որոշ թերություններ: Այնուամենայնիվ, ԷԼԱՐԴ-ը եզրակացնում է, որ Լիդիանի կողմից օդի որակի վերահսկողության համար ներկայացված մոնիտորինգի պլանը տեղին է և ընդունելի, բայց պետք է ներառել լրացուցիչ յոթ գործոններ:
Ի տարբերություն վերը նշվածի՝ ծայրաստիճան քննադատվում է ջրային ռեսուրսների և երկրաբանկան ազդեցության վերլուծությունը, որոնց բացասական արդյունքները ոչ ամբողջությամբ են տեղ գտել ԷԼԱՐԴ-ի կողմից ներկայացված մեմորանդումի մեջ՝ ապակողմնորոշելով վերջանական եզրահանգումը: Մինչդեռ՝
Ըստ զեկույցի՝ Լիդանի պատրաստած 3-D երկրաբանական մոդելի լայնակի հատկույթները ցույց են տալիս երկրաբանական հարաբերությունները միայն բացահանքերի տարածքի անմիջական հարևանությամբ: Այս թերությունը ստորերկրյա ջրերի աղտոտիչ աղբյուրների և կլանիչների միջև թույլ կապի հետևանք է: Էկոլոգիապես զգայուն այսպիսի միջավայրի համար կառուցվածքային և ստրատեգրաֆիկ հարաբերությունների վերաբերյալ պատկերազարդումների բացթողումը ամբողջ տարածքի համար, գնահատվում է, որպես մոդելի լուրջ թերություն: Երկրաբանական այս մոդելը իր հերթին հիմք է հանդիսանում այլ մոդելների համար, որոնք թվայնացված ներկայացնում են ստորերկրյա ջրերի և աղտոտիչների հոսքը (տրանսպորտը):
Զեկույցը շարունակում է պնդել, որ տեղական երկրաբանության նկարագրությունն անկազմակերպ, թերի և անհասկանալի է: Տեքստից այն տպավորությունն է ստեղծվում, որ Լիդիանը լիարժեք չի հասկացել կառուցվածքային և ստրատեգրաֆիկ հարաբերությունները, փոփոխությունների տեսակների պատճառներն ու բաշխումը, և ժայռերի տարբեր տեսակների ստեղծման ժամանակ իրադարձությունների հաջորդականությունը: Ծրագրի տարածքում կան մի շարք երկրաբանական բեկվածքներ, որոնք կարող են լինել ստորգետնյա ջրերի հոսքի խոչընդոտներ և/կամ ուղիներ։ Ըստ ԷԼԱՐԴ-ի, նախագծի ազդեցության տարածքում առկա բեկվածքները չեն դիտարկվում Լիդանի կողմից երկրաբանական հետևանքների մոդելավորման մեջ: Ավելին, ԷԼԱՐԴ-ը պնդում է, որ հրաբխային ժայռերը փխրուն են, կոտրվածքների լայն թափանցելիությամբ: Այս բնութագրերը ազդում են ստորերկրյա ջրերի հոսքի և փոխադրման տեմպերի վրա: Չի կարելի ենթադրել, որ ժայռերը համասեռ կավե գոտի են, կոտրվածքների առկայությունից զուրկ, ինչպես դա անում է Լիդիանը:
Ստորերկրյա ջրերի հոսքի և ջրալուծ նյութերի փոխադրման ճիշտ թվային մոդելավորումը բացահանքերից և ծրագրի տարածքից դեպի ընդունիչներ (գետեր և աղբյուրներ) կախված են ժայռի կառուցվածքից և բնութագրերից` հոսքի և փոխադրման (տրանսպորտային) ուղիների ամբողջ երկայնքով: Զեկույցը եզրակացնում է, որ սխալ է պնդել, թե հանքը չի կարող ազդել նախագծի տեղամասերին հարակից շրջանների (ներառյալ քաղցրահամ աղբյուրների) վրա:
ԷԼԱՐԴ-ը շեշտում է, որ փոփոխված Սոբեկ (Modified Sobek) մեթոդը, որն օգտագործվել է նախագծի թթվային-բազայի հաշվառման (ABA) համար (որը որոշում է հավանական թթվայնությունը) հիմնված է միայն սուլֆիդային ծծմբի վրա: Մինչդեռ այս մոտեցումը հստակ սխալ է, քանի որ բացահանքերի տարածքներից գրեթե բոլոր նմուշները ունեն թթվային pH արժեքներ, ինչը վկայում է թթվային սուլֆատային աղերի մասին: ԷԼԱՐԴ-ը գտնում է, որ սուլֆատի վերլուծված տոկոսը պետք է ներառված լիներ թթվայնության հավանական հաշվարկի մեջ:
Թեև ՇՄԱԳ–ում նշվում է, որ վերին հրաբխային ժայռի շերտը թթու չի առաջացնում, սակայն ԷԼԱՐԴ-ը նշում է, որ ՇՄԱԳ-ի հավելվածում ներկայցված տվյալները ցույց են տալիս, որ առկա են զգալի թվով պիրիտ ծծմբով հարուստ բազմաթիվ նմուշներ: Սուլֆիդի ավելի բարձր տոկոսները տալիս են ավելի շատ ապացույցներ այն մասին, որ վերին հրաբխային շերտը համասեռ չէ և պետք է բաժանվի ենթախմբի՝ ըստ հստակ ժայռերի ենթատեսակների:
Ըստ ԷԼԱՐԴ-ի, Ամուլսարի ժայռերում թթվային ապարների դրենաժի (ARD) ռեակցիաների Լիդիանի գնահատումը ապակողմնորոշիչ է, քանի որ վերլուծությունը չի ներառում երկաթի օքսիդացման կարևորությունը: Օգտագործելով այս մոտեցումը, թերագնահատվում են թթվային ապարների դրենաժ գոյացումը և հարակից ջրերի որակի, շրջակա միջավայրի վրա ազդեցության, ինչպես նաև ջրի մաքրման պահանջների կարևորությունը:
ԷԼԱՐԴ-ը նշում է, որ Լիդիանի կողմից պոմպային թեստի ոչ մի փորձարկում չի իրականացվել, ինչը, լուրջ բացթողում է նախագծի մերձակայքում հիդրավլիկ հատկությունների բնութագրման գործում: Պոմպային թեստերը հիդրավլիկ բնութագրման ստանդարտ ընթացակարգ են և անփոխարինելի են կոտրված ժայռի համար: Հաշվի առնելով էկոլոգիապես զգայուն կարգավորումը՝ հիդրավլիկ թեստերի սահմանափակ բաշխումը և պոմպային թեստերի բացակայությունը, ԷԼԱՐԴ-ն անբավարար է գնահատում դրանք՝ ստորերկրյա ջրերի ուսումնասիրության տարածքում հիդրավլիկ հատկությունները բնութագրելու համար: Ըստ այդմ, ԷԼԱՐԴ-ը եզրակացնում է, որ հանքավայրի ջրհանքներից և օբյեկտներից մինչև գետերն ու ջրամբարները տեղակայված տարածքները նկարագրված չեն և չի կարելի ենթադրել, որ դրանք նույն հիդրավլիկ հատկություններն ունեն ինչ փորձարկված տարածքները:
Համաձայն ԷԼԱՐԴ-ի՝ կտրտված քարերի առկայության պայմաններում, աղտոտված ստորերկրյա ջրերի հոսքն արագ է, հետևաբար տեղափոխվող աղտոտված ջրի ծավալն ավելի մեծ է: Կտրվածքների ու ճեղքվածքների միացման չափը որոշում է, թե ինչպես է տեղի ունենում ստորգետնյա ջրի արագ հոսքը և տեղափոխումը: Միայն պոմպային փորձարկումների և ստորգետնյա ջրերի հետքերով, ինչպես նաև փորձարկումների անցկացման միջոցով կարելի է գնահատել կտրտվածքների կապը, որը Լիդիանի կողմից արված չէ:
Վերանայելով Լիդիանի իրականացրած բացահանքերի ներծծվող ջրերի ուսումնասիրությունը, ընդունելով, որ օգտագործված մոդելները ճիշտ են, ԷԼԱՐԴ-ն արձանագրել է, որ մոդելների արդյունքները սխալ են, քանի որ մոդելավորման համար ենթադրվում է անիրատեսական մեծ քանակությամբ գոլորշիացում բաց ժայռերից և ետին լցոնումներից: Այլ խոսքով՝ Լիդիանը պնդում է, որ անձրևի ու ձնհալքի ջրերի մեծ տոկոս գոլորշիանալու են և գետին չեն ներծծվելու, մինչդեռ հայտնի է, որ տեղումների և ձնհալքի մեծ մասը, ծակոտիների միջոցով, արագորեն ներթափանցում է գետին: Բացի այդ, ԷԼԱՐԴ-ը համոզված կերպով պնդում է, որ Լիդիանը օգտագործում է բացահանքերի պատերի համար ջրի հոսքի ոչ ճիշտ գործակիցներ: Վերջիններս կարևոր են, քանի որ, Լիդիանի պնդմամբ, ավելի քիչ ջուր է անցնելու գետին: ԷԼԱՐԴ-ը ենթադրում է, որ սիմուլյացիաներում շատ ավելի քիչ գոլորշիացում պետք է տեղի ունենա և պնդում է, որ բացահանքերի հոսքի մոդելավորումներից ջրի հոսքերը ճիշտ չեն հաշվարկված: Ստորերկրյա ջրերի հոսքի տարածաշրջանային մոդելում այդ սխալ հոսքերի օգտագործումը հանգեցնում է ստորերկրյա ջրերի մակարդակների և աղբյուրների ազդեցության սխալ գնահատման: Բացի այդ, լուծվող նյութերի փոխադրման սիմուլյացիաները խիստ թերագնահատում են թթվային դրենաժի ազդեցությունը ստորերկրյա ջրերի և աղբյուրների վրա: Առ այդ, գոլորշիացումը գերագնահատելու և ջրի հոսքը թերագնահատելու պատճառով, ԷԼԱՐԴ-ի եզրահանգումն է. պասիվ մաքրման համակարգին հաղորդվող ջուրը և զանգվածային հոսքերը թերագնահատված են, իսկ մաքուր ջրի պահանջարկը՝ գերագնահատված:
ԷԼԱՐԴ-ը նշում է, որ հաշվարկված ջրի ծավալային հոսքերը, որոնք ընթանում են դատարկ ապարների լցակույտի (BRSF) կայանից, մեծապես թերագնահատված են՝ սխալ մոդելի պարամետրացման պատճառով: Թերագնահատված ջրի հոսքերի պատճառով նաև թերագնահատված են զանգվածային հոսքերը, որոնք կապված են թթվացնող ժայռերի և ներծծվող ջրի շփման հետ: Այս թերագնահատումը բացասաբար է ազդում ընդհանուր ջրի հոսքերի հաշվարկների վրա, որոնք առաջանում են թթվային դրենաժի աղբյուրներից և դատարկ ապարների լցակույտի տակից։
Ըստ ԷԼԱՐԴ-ի՝ բացահանքերի տարածքներում երկրաբանությունը վատ է ներկայացված: Ներքևի մակերեսի պարզունակ թվային ներկայացումը գործող մոդելում անբավարար է քանակական կանխատեսումներ անելու համար: Չնայած այս անբավարարությանը` արվել են բազմաթիվ քանակական կանխատեսումներ, որոնք հուսալի չեն: ԷԼԱՐԴ-ը պնդում է, որ անցումային սիմուլյացիաներ են իրականացվել բացահանքերի ներհոսքերը գնահատելու համար, բայց մոդելային կանխատեսումը անբավարար է, քանի որ անցումային տրամաչափում չի իրականացվել: ԷԼԱՐԴ-ը, իր կողմից իրականացված մոդելային վերանայման հիման վրա, գտնում է, որ մոդելը թերի է նկարագրում հանքարդյունաբերության ազդեցությունը ստորերկրյա ջրերի մակարդակի և հոսքի վրա:
ՇՄԱԳ–ում նշվում է, որ նախագծի տարածքում ջրհորների ջրհավաքագրերը ցույց են տալիս, որ ձնհալի շնորհիվ գարնանը ստորերկրյա ջրերի մակարդակը արագորեն բարձրանում է և արագ իջնում ձնհալի ավարտից հետո: ԷԼԱՐԴ-ը այս տվյալներից եզրակացնում է, որ ժայռերի կտրվածքների միջև առկա է հստակ կապ: Հետևաբար, ստորերկրյա ջրերի մակարդակում Լիդիանի կանխատեսած փոփոխություններն իրատեսական չեն, քանի որ աղտոտված ջուրը շատ ավելի արագ է անցնելու ստորգետնյա տարածք: Պետք է նկատել, որ Ամուլսարի ժայռերն ըստ էության չունեն pH բուֆերային հզորություն, ինչը նշանակում է, որ ջրի թթվայնությունը չի կարող նվազել անցնելով ստորգետնյա տարածքները:
Մակերևութային և ստորերկրյա ջրերը փոխկապակցված են: Ըստ ԷԼԱՐԴ-ի, Լիդիանի ենթադրությունը, որ ծրագրի ամբողջ տարածքում ջրաթափանցելիության մակարդակը համահավասար է, չափազանց պարզունակ մոտեցում է, որը հանգեցնում է ստորերկրյա հատկությունների վատ մոդելավորման և մակերեսային և ստորերկրյա ջրերի մասին անվստահելի եզրակացությունների: Բացահանքի մոդելավորման մեջ զգալիորեն թերագնահատված են մակերեսային և ստորերկրյա ջրերի հոսքն ու ներթափանցելիությունը: ԷԼԱՐԴ-ը եզրափակում է, որ բացահանքերի ճիշտ չգնահատված ջրազրկումը թերագնահատում է ստորերկրյա ջրերի և մակերևութային ջրերի վրա հավանական ազդեցությունները: Լուծույթների փոխադրման համար օգտագործվող սկրինինգի մակարդակի աղյուսակային (վերլուծական) մոդելի կիրառումը համարժեք չէ ծրագրի տարածքի շրջակա միջավայրի, մասշտաբի և բարդությունների համար:
ԷԼԱՐԴ-ը նշում է, որ կեղտաջրերի մեջ գտնվող ամոնիակի կոնցենտրացիան, ամենայն հավանականությամբ, գերազանցում է արտանետման չափանիշը, բայց ամոնիակի մաքրման գործընթացը Լիդիանը չի քննարկում, բացառությամբ հակիրճ մեկնաբանությունների: Նիտրատների հարցը քննարկվում է մի փոքր ավելի մանրամասն, սակայն անհրաժեշտ ուշադրության չի արժանացել: Հետևաբար նիտրատների կոնցենտրացիաները նույնպես թերագնահատվել են: Նիտրատը և ամոնիակը, հավանաբար, ջրի հիմնական աղտոտողներն են, որոնք մաքրում են պահանջում: Նախագծված համակարգը կարող է չբավարարել նիտրատի կամ ամոնիակի մաքրման պահանջներին: Համաձայն ԷԼԱՐԴ-ի, Լիդիանի առաջարկած պասիվ մաքրման համակարգը առավել նպատակահարմար է փակման և փակման փուլերին, մինչդեռ ակտիվ մաքրման համակարգը ավելի նպատակահարմար է գործառնական փուլերի համար:
ԷԼԱՐԴ-ի վերանայման արդյունքները ցույց են տվել, որ Լիդիանի վերլուծությունը չի ներառում թթվային դրենաժին բնորոշ երկաթի և ալյումինի կոնցենտրացիաները:Ավելին, թիվ 8 ջրհավաք լճում կանխատեսվող երկաթի կոնցենտրացիաները թերագնահատվում են մեկ միլիոն անգամ: Երկաթի կոնցենտրացիաների անհամապատասխանությունն ու բարձր անորոշությունը վստահություն չեն ներշնչում մոդելում ջրի որակի վերաբերյալ և մտահոգություն են առաջացնում այլ պարամետրերի որոշակիության և հուսալիության նկատմամբ: Ջրի որակի մոդելավորումն ունի էական անհամապատասխանություններ և անորոշություններ, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում ջրի որակի կանխատեսումների հուսալիության և, ի վերջո, առաջարկվող պասիվ մաքրման համակարգի իրագործելիության և արդյունավետության վերաբերյալ:
ԷԼԱՐԴ-ը չի կարողացել պարզել, թե կույտային տարրալվացման գործողության ավարտին ինչ է լինելու մեծ քանակությամբ ցիանիդ պարունակող օգտագործված կույտային տարրալվացման լուծույթի հետ: Զեկույցից պարզ չէ, թե ինչ է լինելու կույտային լուծույթի հետ հանքարդյունաբերական աշխատանքների դադարեցումից անմիջապես հետո:
Ամուլսարի հանքի փակման ծախսերի հիմքերը և գնահատականները վերանայվել է ԷԼԱՐԴ-ի կողմից և եզրակացվել է, որ որոշ ծախսերի գումարները կասկածելի են, իսկ ընդհանուր գումարը կրկնակի թերագնահատված է:
ԷԼԱՐԴ-ի եզրակացությունն այն է, որ նախագծի ուսումնասիրության տարածքի երկրաբանության ելակետային բնութագրումը անբավարար է, իսկ շրջանի երկրաբանության մեկնաբանումը և հայեցակարգացումը՝ չափազանց պարզունակ: Բացի այդ, բացահանքերի ջրի արտահոսքի ենթամոդելը ճիշտ չէ: Հիմնական խնդիրը Լիդիանի կողմից չափազանց շատ գոլորշիացման ենթադրությունն է: Ստորերկրյա ջրերի հոսքի տարածաշրջանային մոդելում այդ հոսքերի օգտագործումը հանգեցնում է ստորերկրյա ջրերի մակարդակների և աղբյուրների ազդեցության ոչ ճիշտ գնահատման:
Անդրադառնալով Որոտանի թունելին, ԷԼԱՐԴ-ը նախ արձանագրում է, որ ստորգետնյա ջրերի ուսումնասիրության տարածքում առավել նշանակալից կառույցը Որոտան թունելն է, որը բետոնապատ կառույց է և անցնում է Սպանդարյան ջրամբարից դեպի Կեչուտի ջրամբար: Սպանդարյան ջրամբարի թունելի մուտքն այս պահին փակ է, բայց Կեչուտի ջրամբարում թունելի ելքից ջուր է հոսում, որը վկայում է, որ ստորերկրյա ջրեր են մտնում թունել: Սևանա լիճը և Կեչուտի ջրամբարը կապված են Արփա-Սևան թունելով, որով Կեչուտի ջրամբարից ջուրն ուղղվում է դեպի Սևանա լիճ: Որոտանի թունելի արտահոսքի ջրի նմուշները ցույց են տալիս, որ դրանք նույն կազմությունն ունեն ինչ Ամուլսարի լեռնաշղթայի աղբյուրներն ու ստորգետնյա ջրերը: Լիդիանի հաշվետվություններում ասվում է, որ Որոտանի թունելը հատում է ստորերկրյա ջրի ավազանը իր երկարությամբ: Ներկայումս լեռների մակերեսը օքսիդացված է, և սուլֆիդներից ու այլ նյութերից միայն փոքր մասն է հասնում թունելին՝ անձրևից կամ ձնհալից: Բայց բացահանքերի փորելուն պես, սուլֆիդներն ու այլ ծանր մետաղները կբացվեն, և նրանք անձրևի և ձնհալի ջրի հետ կներծծվեն գետին: Բացի այդ, այս բացահանքերի ներքևի մասը կհասնի ստորգետնյա ջրային ավազանին: Հետևաբար, սուլֆիդներն ու այլ ծանր մետաղները հեշտությամբ կթափանցեն ստորգետնյա ջրային ավազանը, և այնտեղից աղտոտված ջուրը կգնա դեպի Որոտան թունելը, որը նույնպես տեղակայված է նույն ստորգետնյա ջրային ավազանում: Լիդիանը պնդում է, որ աղտոտված ջուրը թունել հասնելու համար 130 տարի կպահանջվի: Այնուամենայնիվ, այս պնդումը հիմնավորված չէ և դրա համար հիմքեր չկան: Ավելին, թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ հորդառատ անձրևից հետո լեռան հիմքում որոշ աղբյուրների կազմը փոխվում է ընդամենը մի քանի օր անց: Այլ կերպ ասած, չփորված գետնի մակերեսով հոսելու դեպքում, ջրին մի քանի օր ժամանակ է անհրաժեշտ: Հանքախոռոչի բացվելուն պես աղտոտումները շատ ավելի արագ կանցնեն ստորգետնյա ջրային ավազան, և դրանց ազդեցությունը ակնհայտ կլինի շատ ավելի արագ: ԷԼԱՐԴ-ն հաստատում է, որ աղտոտված ջրերը կհոսեն Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից՝ Սևանա լիճ: Այնուամենայնիվ, նրանք պնդում են, որ այդ աղտոտումները զգալիորեն չեն աղտոտի Սևանա լճի ջրերը, ջրամբարի մեջ տարրալուծման և Սևանա լճի չափի պատճառով: ԷԼԱՐԴ-ը նշում է, որ Արփա-Սևան թունելի բեռնաթափման վայրում կլինեն վնասակար քիմիական նյութերի կոնցենտրացիաներ: Սա այն դեպքում, երբ Սևանա լիճը պաշտպանված է Հայաստանի օրենսդրությամբ, ըստ որի թույլ չի տրվում որևէ գործունեություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ լճի և նրա էկոհամակարգի վրա:
Ամփոփում և առաջարկություններ

Ամուլսարի ծրագիրը մասնագիտական ու հանրային լայն շրջանակների մոտ չի ձևավորել անհրաժեշտ համոզվածություն, որ ծրագրի իրագործումը չի առաջացնի գործնականում անհաղթահարելի խոչընդոտներ:
Իր կենսական կարևորությամբ Ամուլսարի տարածքում բազմամետաղ հանքավայրի շահագործումը պարունակում է ռիսկեր, որոնց անկառավարելիությունը հանգեցնելու է անդառնալի հետևանքների: Չկա տնտեսական առաջընթաց, սոցիալական ներառականություն և համայնքերի զարգացում, երբ շրջակա միջավայրի և նրա առանձին օբյեկտների՝ օդային ու ջրային ավազանի, կենսաբազմազանության, հողի և լանդշաֆտի աղտոտումը (թունավորումը) և ի վերջո մարդկանց առողջությանը սպառնացող վտանգները չափազանց մեծ են:
Հիմնվելով տեղական և միջազգային փորձագիտական շրջանակների կողմից նշված ռիսկերի և դրանք իր ուսումնասիրությամբ հաստատած ԷԼԱՐԴ ընկերության կողմից տրված եզրակացությունների վրա, ներկա փուլում ծրագիրը չի կարող շարունակվել:
Հարկ է պատշաճ կառավարելի և վերահսկելի դարձնել ներկայումս Ամուլսարի հանքավայրում ընթացքող քիմիական պրոցեսները: Այս նպատակով հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած կազմակերպությունը և պետական լիազորված մարմինը պարտավոր են կատարել շարունակական մշտադիտարկում՝ փաստելու ներկա իրավիճակը և վնասների չափը, բացահայտելու այդ պրոցեսների կառավարելիությունը և ներկայացնելու դիտարկվող ցուցանիշները:
Մինչև վերը նշված հարցերին սպառիչ պատասխաններ տալը հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները չեն կարող շարունակվել: Դրանք հղի են անկառավարելի ռիսկերով:
Ամուլսարի, որպես հանքավայրի շահագործման հարցը թեև դուրս է եկել զուտ մասնագիտական տիրույթից, սակայն անհրաժեշտ է վերականգնել մասնագիտական ու հանրային առողջ երկխոսությունն ու քննարկումները՝ հիմնված վերը նկարագրված գործընթացների արդյունքային ցուցանիշների վրա: Հարցի վճռահատումը պետք է իրականացվի հանրաքվեի միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել