Իրանի Հորմոզգան նահանգի՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում շաբաթ օրը տեղի ունեցած հզոր պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի թիվը շարունակել է աճել։ Նահանգապետ Մոհամմադ Աշուրին հայտնել է, որ երկուշաբթի կեսօրի դրությամբ զոհերի թիվը հասել է 65-ի, իսկ մի փոքր ուշ Հորմոզգան նահանգի ճգնաժամային կենտրոնի տնօրենը հաստատել է, որ զոհերի ընդհանուր թիվը կազմել է արդեն 70։
Իրանի Աղետների կառավարման ազգային կազմակերպության (NDMO) խոսնակ Հոսեյն Զաֆարին նշել է, որ վիրավորված 1,072 քաղաքացիներից մեծ մասը՝ դուրս են գրվել հիվանդանոցից, մինչդեռ 138 վիրավորների բուժումը դեռ շարունակվում է։
Նրա խոսքով, տարածքի մաքրման և փլատակների հեռացման աշխատանքները շարունակվելու են առաջիկա օրերին։
Նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը դեռ պարզված չէ, սակայն նախնական տեղեկություններով՝ այն տեղի է ունեցել վառելիք տեղափոխող բաքի պայթյունի հետևանքով։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Իրանի Հորմոզգան նահանգի՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի էր ունեցել հզոր պայթյուն։
comment.count (0)