civilnet.am: Այսօր՝ ապրիլի 20-ին, Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատակիցների, վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Արթուր Չախոյանի միջև։
Ծեծկրտուքից հետո լրագրողների հետ զրույցում վարչական շրջանի ղեկավարն ասել է․
«Ես ինձ պահել եմ այնպես, ոնց որ իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ մարդ: Ես վարչական շրջանի ղեկավարից բացի, նաև տղա եմ, ու երբ գալիս հայհոյում են, այո, կարծում եմ՝ լավ եմ արել»,- ասել է Տիգրան Տեր-Մարգարյանը։
ՍիվիլՆեթը միջադեպի վերաբերյալ գնահատական ստանալու համար դիմեց Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պարտականությունները կատարող Օֆելիա Սիմոնյանը հայտնեց, որ քաղաքապետարանն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։
«Հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- պարզաբանեցին քաղաքապետարանից։
Թաղապետարանից այժմ ոստիկանները բերման են ենթարկում միջադեպի մասնակիցներին։ Factor TV-ի տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանական համազգեստով պաշտոնյան հրահանգում «մյուս կողմին ձերբակալել և տանել բաժին»։ Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք թաղապետին ևս ձերբակալելու են, ոստիկանական համազգեստով պաշտոնյան պատասխանում է՝ «ով մասնակից է եղել այդ միջադեպին»։
Նոր Նորք վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Արթուր Չախոյանի միջև լարվածությունը սկսվել է մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման թեմայով՝ Չախոյանի գրառումից հետո։
Գրառումից հետո թաղապետ Տեր-Մարգարյանը ձայնային հաղորդագրությամբ սեռական բնույթի հայհոյանքներ, սպառնալիքներ է հնչեցրել Չախոյանի հասցեին։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ ապրիլի 29-ին Չախոյանը գնացել է հանդիպելու Նոր-Նորքի թաղապետի հետ, սակայն այդպես էլ նրանք չեն հանդիպել։ Շենքի առաջին հարկում Մանուկյանը, փոխարենը, կախել է Տեր-Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրեց, ասելով, որ հենց սա է իր հայհոյանքների պատասխանը։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում ապրիլի 30-ին պետք է հանրային քննարկում լիներ, և Արթուր Չախոյանն այսօր ևս թաղապետարան է գնացել՝ հանդիպելու Տեր-Մարգարյանին և պատասխան պահանջելու իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար:
comment.count (0)