Հեռու եմ այն մտքից, որ մեր հանրության լայն շրջանակներին ծանոթ չեն դատական համակարգի առաջ ծառացած խնդիրները։ Անկախ նրանից՝ դատական համակարգը համարում ենք անկախ եւ կայացած, թե դրա կայացման գործում լրջագույն խնդիրներ ենք դիտարկում, կարծում եմ՝ միանշանակ է միայն այն, որ յուրաքանչյուր ունի հստակ գիտակցում, որ մեր երկրի համար անկախ եւ արդար դատական համակարգը կենսական անհրաժեշտություն է։ [․․․]»,- այս մասին այսօր ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության թեկնածու Արմենուհի Հարությունյանը։
«Որպես գիտակից եւ պատասխանատու մարդ՝ պարտավոր եմ համարում ներկայացնել ԲԴԽ անդամին հավակնելու իմ շարժառիթները, քանի որ հասականում եմ, որ դրա համար պահանջվող մասնագիտական որակները, կենսափորձն ու տարիների աշխատանքային ձեռքբերումները պետք է հիմք հանդիսանան այդ պատասխանատվությունը կրելու համար։ Իմ կյանքի 25 տարիները ես նվիրել եմ պետհամակարգում աշխատանքին, որից միայն 22-ը հենց արդարադատության նախարարությունում։ [․․․] Կարեւոր ձեռքբերում եմ համարում այն, որ Հայաստանում ներդրել եմ իրավական փոխօգնության ինստիտուտի համապարփակ կարգավորումները։ [․․․] Գուցե ոչ մեծ, բայց արժեքավոր ձեռքբերում եմ համարում այն, որ իմ երկարամյա պետական գործունեության ընթացքում, անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, ոլորտից, երբեւէ իմ անունը չի ստվերվել որեւէ կոռուպցիոն բնույթի կամ շահերի բախման հետ կապված գործողությամբ, կամ անգամ կասկածով, կամ նույնիսկ ակնարկով»։
Ինչպես նշեց թեկնածուն՝ ԲԴԽ-ն մի մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը։ Նա ասաց, որ բարձր է գնահատում այս մարմնի նշանակությունը մեր երկրում դատական իշխանության կայացման եւ զարգացման համար․ «Եւ դրա մաս կազմելը մեծ պատիվ եւ ահռելի պատասխանատվություն եմ համարում։ ԲԴԽ-ն այն տեղն է, որտեղ պատրաստ եմ ներդնել ջանքեր, ուժեր գիտելիք, կամք, ստանալ նոր որակներ, նոր փորձություններ հաղթահարել․․․»։
comment.count (0)