Բաքուն կոչ է անում Դելիին «ուշադիր լինել հայ - ադրբեջանական հարաբերությունների հարցում»
 |azatutyun.am|
16:59 - 14 մայիսի, 2025

Բաքուն կոչ է անում Դելիին «ուշադիր լինել հայ - ադրբեջանական հարաբերությունների հարցում» |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն կոչ է անում Դելիին «ուշադիր լինել հայ - ադրբեջանական հարաբերությունների հարցում»։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս ծագած լարվածությունն ու Բաքվի անվերապահ աջակցությունն Իսլամաբադին։

«Պակիստան - Հնդկաստան հակամարտության հարցում Ադրբեջանի տեսակետը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա։ Հնդկաստանը և այլ երրորդ պետություններ պետք է ուշադիր լինեն հայ - ադրբեջանական հարաբերությունների հարցում, որոնք այժմ փխրուն փուլում են», - ասել է ադրբեջանցի դիվանագետը:

«Մենք ակնկալում ենք, որ բոլոր պետությունները, այդ թվում՝ Հնդկաստանը, այնպիսի կոնկրետ քայլերի չեն դիմի, որոնք կարող են հարված հասցնել [հայ - ադրբեջանական] կարգավորման գործընթացին», - հայտարարել է Ռաֆիևը:

Երևանն ու Դելին բաց հայտարարում են, որ 20 թվականի պատերազմից հետո համագործակցում են պաշտպանական ոլորտում։

The Times of India պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, ամիսներ առաջ հաղորդել էր, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։

Երկու ամիս է՝ խաղաղության պայմանագրի տեքստը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված է, Երևանը պատրաստ է շուտափույթ ստորագրել, իսկ Բաքուն պնդում է նախապայմանները՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխել Սահմանադրությունը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել