civilnet.am: Իրանը Միացյալ Նահանգներից առաջարկ է ստացել անցկացնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար բանակցությունների հինգերորդ փուլ։ Այս մասին Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում հայտարարել է փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Մենք ստացել ենք Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի առաջարկ, որը ներկայումս քննարկվում է», – ասել է Ղարիբաբադին։
Երկրների միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 11-ին Մասկատում՝ օմանյան կողմի միջնորդությամբ։ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում՝ համապատասխանաբար ապրիլի 12-ին և 26-ին, իսկ երկրորդը՝ Հռոմում՝ ապրիլի 19-ին։
Այս հանդիպումների ժամանակ քննարկվել է Իրանի կողմից միջուկային զենքի մշակումից լիակատար հրաժարման հարցը՝ պատժամիջոցների վերացման դիմաց, միաժամանակ պահպանելով Թեհրանի՝ խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու իրավունքը։
Մայիսի 19-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միջուկային բանակցությունները կարող են ձախողվել ԱՄՆ դիրքորոշման պատճառով։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը՝ չնայած ԱՄՆ հայտարարություններին։
comment.count (0)