Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի և Թրամփի հետ Թուրքիայում
 |civilnet.am|
10:50 - 03 հունիսի, 2025

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի և Թրամփի հետ Թուրքիայում |civilnet.am|

civilnet.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ։ Հունիսի 2-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պլանավորում է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպմանը կա՛մ Անկարայում, կա՛մ Ստամբուլում: Այս մասին հայտնում է Kyivindependent-ը։

«Ես զրույց ունեցա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Եվ իսկապես, նա ազդանշան ուղարկեց՝ հարցնելով, թե ինչպես կվերաբերվեմ չորս առաջնորդների հանդիպմանը՝ ինքը, Միացյալ Նահանգների նախագահը, Պուտինը և ես: Ես նրան ասացի, որ աջակցում եմ առաջնորդների մակարդակով հանդիպմանը, քանի որ ինձ թվում է, որ առանց մեր հանդիպման հրադադար չի լինի», – լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին։

Զելենսկու մեկնաբանությունները հաջորդել են հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների հերթական փուլին, որտեղ կողմերը համաձայնության են եկել ռազմագերիների փոխանակման շուրջ, բայց չեն կարողացել հրադադարի հասնել։

Այս բանակցություններին նախորդել էր մայիսի 16-ին կայացած բանակցությունների առաջին փուլը: Սկզբնական հանդիպումն ավարտվել է պատերազմի ընթացքում ամենամեծ թվով գերիների փոխանակման վերաբերյալ համաձայնագրով, սակայն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ որևէ շոշափելի առաջընթաց չի գրանցվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես բաց է իր թուրք գործընկերոջ առաջարկի համար՝ Թուրքիայում եռակողմ խաղաղության բանակցություններ վարելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ, հայտարարել է Սպիտակ տունը հունիսի 2-ին։

«Նախագահն ասել է, որ բաց է դրա համար, եթե գործը հասնի դրան, բայց նա ցանկանում է, որ երկու առաջնորդներն էլ միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը։

Հունիսի 2-ի բանակցություններից հետո Ռուսաստանն առաջարկել է ժամանակավոր երկու-երեքօրյա հրադադար առաջնագծի որոշակի հատվածներում՝ զոհված զինվորների մարմինները վերադարձնելու համար։ Այս մասին հունիսի 2-ին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Զելենսկին չի ընդունել Ռուսաստանի այս առաջարկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել