civilnet.am: Կալիֆորնիայի ազգային գվարդիայի ստորաբաժանումները կիրակի երեկոյան տեղակայվել են Լոս Անջելեսի փողոցներում՝ երրորդ օրը շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականության խստացման դեմ։ Նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ այդ քայլը հակասում է օրենքին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով՝ կիրակի օրը ձերբակալվել է առնվազն 10 մարդ, դրա նախորդ գիշերը՝ 29։ Հավաքներից մի քանիսը ոստիկանությունը «անօրինական» է համարել, մեղադրելով որոշ մասնակիցների՝ բետոնե առարկաներ, շշեր և այլ նյութեր ոստիկանների վրա նետելու մեջ։
Ցուցարարների մեկ խումբ փակել է 101 ավտոճանապարհը՝ քաղաքի կենտրոնով անցնող կարևոր մայրուղին։ Քաղաքի տարբեր հատվածներում հավաքված ցուցարարներ մեքսիկական դրոշներ ու ԱՄՆ միգրացիոն իշխանություններին դատապարտող պաստառներ են պարզել։
Ազգային գվարդիայի ստորաբաժանումները տեղակայվել են դաշնային կառավարական շենքերի մոտ՝ դրանք պաշտպանելու նպատակով։ Բողոքի ակցիաներն ուղեկցվել են բախումներով ոստիկանության և ցուցարարների միջև։
Կիրակի օրը սոցիալական ցանցերում Թրամփը ցուցարարներին անվանել է «բռնի, ապստամբ ամբոխ» և ասել, որ հրահանգում է իր կաբինետի աշխատակիցներին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները»՝ դադարեցնելու այն, ինչ նա անվանել է «անկարգություններ»։
Նյու Ջերսիում լրագրողների հետ զրույցում նա բռնությամբ է սպառնացել ոստիկանության կամ Ազգային գվարդիայի զորքերի վրա թքող ցուցարարներին՝ ասելով. «Նրանք թքում են, մենք հարվածում ենք»։
«Եթե մենք վտանգ տեսնենք մեր երկրի և մեր քաղաքացիների համար, պատասխանը շատ, շատ ուժեղ կլինի օրենքի և կարգուկանոնի առումով», – ասել է Թրամփը։
comment.count (0)