Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Բերսեն քննարկել են Հայաստան–Եվրոպայի խորհուրդ համագործակցության օրակարգային հարցեր
15:13 - 11 հունիսի, 2025

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Բերսեն քննարկել են Հայաստան–Եվրոպայի խորհուրդ համագործակցության օրակարգային հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ողջունելով Ալեն Բերսեի այցը՝ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար։

Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, իր հերթին, վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և օժանդակելու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին։ Նա նաև շնորհավորել է վարչապետ Փաշինյանին առ այն, որ 2026 թվականին Հայաստանում անցկացվելու են Եվրոպական համայնքի գագաթնաժողովը և COP-17-ը՝ դա որակելով որպես Հայաստանի աճող միջազգային հեղինակության վկայություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրոպայի խորհուրդ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնման հեռանկարներ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և կայունության ապահովման վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել